Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Նկարիչների միության գույքը պետք է մնա միության սեփականությունը. Սուրեն Սաֆարյան

Նկարիչների միության գույքը պետք է մնա միության սեփականությունը. Սուրեն 
Սաֆարյան

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միության գույքը պետական չի եղել, և այն պետք է մնա Հայաստանի նկարիչների միության սեփականությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը:  

«Շաբաթներ առաջ գլխավոր դատախազությունից ստացանք թուղթ, որ Հայաստանի նկարիչների միության գույքը 1990-ական թվականներին սեփականաշնորհվել է անօրինաբար, կադաստրի կողմից խախտումներով, լինելու է դատավարություն, մեզ  որպես երրորդ կողմ են ներգրավում:  Շատ անորոշություններ կան: Գրողների միությունը ևս նման թուղթ է ստացել»,-ասաց միության նախագահը:

Նրա խոսքով՝ միության շենքը 1950-ական թվականներին կառուցվել է հատուկ նկարիչների համար, ցուցասրահները կառուցվել են հատուկ նկարիչների համար և մինչ օրս ծառայում են իրենց նպատակին: «Մենք  ժառանգություն ենք ստացել Մարտիրոս Սարյանից, Արա Սարգսյանից, որը Հայաստանի նկարիչների միության հիմնադիրն է, Գաբրիել Գյուրջյանից: Այդ ժառանգությունը պահել և պահպանել են իմ պապը՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանը, նրա ընկերներն ու ժամանակակիցները: Նկարիչների տունը ստեղծագործական մեծ գործունեություն է ծավալել, կանգնել է թե՛ ավագ սերնդի, թե՛ երիտասարդների կողքին: Սա մեր սեփականությունն է: Հետխորհրդային շրջանում  կառավարության որոշման հիման վրա միությունը ստացել է սեփականության վկայական: Այդ ի՞նչ խախտումներ են եղել, չեմ պատկերացնում»,-ընդգծեց Սաֆարյանը:

Նա հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ պետք է գույքը պետականացվի, ումի՞ց են այն պաշտպանում: «Մենք շատ սրտացավ ենք, այս տարիներին իրականացրել ենք  շատ նախագծեր, բարեկարգումներ ենք արել, նորոգումներ, որովհետև սա մեր տունն է, սա նկարչի տունն է: Արագ որոշումներ կայացնելու դեպքում կարող ենք լուրջ խնդիրների առաջ կանգնել: Այդ խնդիրներից խուսափելու համար այս գույքը պետք է մնա Հայաստանի նկարիչների միության սեփականությունը: Դատավարություն է լինելու, մենք պաշտպանելու ենք մեր շահերը, ամեն ինչ անելու ենք, որ այդ գործընթացը ի շահ Հայաստանի նկարիչների միության լինի»,-շեշտեց Սաֆարյանը, ըստ որի՝ կառույցը մեկ օրվա համար չի ստեղծվել, այն մեծ ներդրում ունի հայ մշակույթի, հայ կերպարվեստի զարգացման գործում:

Սաֆարյանը նշեց՝ միությունն արվեստագետին և պետությանը կապող կարևոր օղակ է: «Մենք շատ հարցեր ենք համակարգում, լուծում, օժանդակում մեր միության անդամներին՝ նկարիչների, քանդակագործների, գրաֆիկների, արվեստաբանների, դեկորատիվ-կիրառական արվեստի ներկայացուցիչների…: Մշակութային տարբեր ճյուղերից բաղկացած մեծ ընտանիք ենք համակարգում, դա անում ենք՝ նաև այս գույքը տնօրինելով: Այն տնօրինել ենք թե՛ խորհրդային շրջանում, թե՛ հետխորհրդային շրջանում: Բոլորս ենք սրտացավ և ուշադիր: Այլ կերպ չենք պատկերացնում Հայաստանի նկարիչների միությունը: Հայաստանի նկարիչների միության գույքը պետք է մնա Հայաստանի նկարիչների միության սեփականությունը»,-համոզմունք հայտնեց Սուրեն Սաֆարյանը:

Փաստաբան Կարեն Մեժլումյանը, որը ներկայացնում է Հայաստանի նկարիչների միության շահերը, շեշտեց՝ նկարիչների և այլ ստեղծագործական միությունները՝ Խորհրդային Միությունից սկսած հենց այդ միությունների, այդ ստեղծագործական կառույցների սեփականությունն են եղել: Անկախության առաջին օրերից մինչ օրս՝ ևս:  

«Սեփականության իրավունքը միայն կադաստրի վկայական ունենալը չէ: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն, որը նաև մեր վճռաբեկ դատարանն է իր նախադեպային որոշումներում կիրառել,  ասում է՝ սեփականության իրավունքի մեջ մտնում են նաև օրինական սպասելիքը, երբ վարչական ակտեր կան, փաստաթղթեր կան, որոնցից բխում է, որ այդ գույքը տվյալ անձի, այս դեպքում Հայաստանի նկարիչների միության սեփականությունն է: Դատախազությունը, դիմելով դատարան, ասել է, որ 1990 թվականին պետական սեփականության մասին օրենք է ընդունվել, որտեղ գրված է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների և կազմակերպությունների ունեցվածքը ՀՀ սեփականությունն է: Դատախազությունը նշում է, որ այդ օրենքի հիման վրա Հայաստանի նկարիչների միությունը դարձել է պետական սեփականություն»,-պատմեց Մեժլումյանը:

Փաստաբանը կրկնեց՝  1990-ականների օրենքի մեջ գրված է պետական ձեռնարկությունների, պետական միավորումների և պետական կազմակերպությունների, իսկ Հայաստանի նկարիչների միությունը երբեք պետական կազմակերպություն չի եղել:

Մայիսի 4-ին, ժամը 12:00-ին Կինոյի տանն անցկացվելու է Հայաստանի նկարիչների միության արտահերթ համագումարը: Համագումար անցկացնելու որոշումը կայացրել է Հայաստանի նկարիչների միության վարչությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am