Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5 ամսում երկու շատ կարևոր իրադարձություն ունենալ. Փաշինյան

Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5 ամսում երկու շատ կարևոր 
իրադարձություն ունենալ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշում, որոնք տեղի են ունեցել վերջին 5 ամսում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին խոսեց Լոռու մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին:

Վարչապետը նկատեց՝ ընդդիմադիրները քննադատում են իշխանությանը՝ պնդելով, որ խաղաղության օրակարգը մնում է միայն խոսքի մակարդակում, իսկ իրականում լինում են կրակոցներ և զոհեր:

«Ես ուզում եմ ընդգծել, որ վերջին 5 ամսում մեզ հաջողվել է 2 շատ խոշոր իրադարձություն ունենալ խաղաղության օրակարգի հարցում: Մեկը 32 գերիների ազատ արձակումն է: Ցավոք, մենք ոչ բոլոր գերիներին ենք վերադարձրել, բայց սա շատ խոշոր իրադարձություն է»,–ասաց վարչապետը՝ հավելելով, որ դա իրենց պարտականությունն է, ամեն ինչ կանեն, որ գերեվարված բոլոր հայրենակիցները վերադառնան:

Փաշինյանը որպես երկրորդ կարևոր իրադարձություն նշեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածությունը:

Նա այս պայմանավորվածություն համարեց  Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ կարևոր ակտ, որի քաղաքական նշանակությունը պետք է գնահատել:

Անդրադառնալով խաղաղության օրակարգին՝ Փաշինյանը հավելեց, որ այն առարկայանալու, միս ու արյուն ստանալու շանս է ստանում, սակայն հեշտ չի լինելու: Սահմանազատման գործընթացում անխուսափելիորեն հարցեր ծագելու են, և դրանք լուծելու քաղաքական կամք պետք է լինի:

Նա նշեց, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի հետ կապված որոշակի խնդիրներ են ծագել, ճանապարհի հարց պետք է լուծեն: Վարչապետը չբացառեց, որ մի քանի տների հարց լուծելու անհրաժեշտություն ևս լինի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am