Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը

Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում 
միջպետական ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի բնակիչներ Կիրանց գյուղի հատվածում փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածության դեմ։

Ճանապարհի փակ լինելու մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, ով նույնպես Տավուշի մարզում է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեպքի վայր են ժամանել նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ու ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Մարզպետն ու ներքին գործերի նախարարը գյուղացիներին խնդրել են բացել ճանապարհը, սակայն գյուղացիները հրաժարվել են։

Ճանապարհը փակած գյուղացիները նշում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը միակողմանի զիջում են համարում Հայաստանի կողմից։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին։

Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։

Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են  նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: 

Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման  ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am