Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ քննարկել բոլոր հարցերը․ Դմիտրի Պեսկով

Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ քննարկել բոլոր հարցերը․ 
Դմիտրի Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ Տավուշի մարզից ՌԴ սահմանապահ կետերի դուրսբերման հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Պեսկովի խոսքերը։

Անդրադառնալով Տավուշի մարզից ՌԴ սահմանապահ անցակետերը դուրս բերելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Պեսկովն ասել է, որ այդ առումով ազդանշաններ չեն եղել հայկական  կողմից։

«Ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ արդիական հարցեր»,- նշել է նա։

Օրեր առաջ, անդրադառնալով Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում առկա ռուսական հենակետերը հանելու վերաբերյալ  հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր «Ռուսական հենակետերն այդտեղ հայտնվել են այլ իրադրության բերումով: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է, որը պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններով: Դա նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները, իրար հետ փոխգործակցելով, ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանություն»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am