Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսվել լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված այն տեղեկության առնչությամբ, որ Տավուշի մարզում հավաքի ժամանակ ավտոմեքենան փորձել է մխրճվել բազմության մեջ, ինչի հետևանքով բնակիչներից մեկը վնասվածք է ստացել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանի աշխատակազմում իրականացվում է դեպքի առնչությամբ մամուլում տարածված հրապարակումների մշտադիտարկում:
«Համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:
Հարկ ենք համարում ընդգծել, որ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ՝ մարզային ստորաբաժանման հետ տեղում աշխատանքներ իրականացնելու համար:
Միևնույն ժամանակ, տեղեկություն է ստացվել առ այն, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու Ոստիկանության Նոյեմբերյանի և Թումանյանի բաժիններ են տեղափոխվել մի խումբ անձինք: Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել վերոնշյալ բաժիններ՝ ազատությունից զրկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է. բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է։
Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության:
Միևնույն ժամանակ, Պաշտպանը հորդորում է բողոքի ակցիայի մասնակիցներին, ոստիկանությանը և հավաքի անցկացման վայրում գտնվող բոլոր անձանց ցուցաբերել զսպվածություն, ապահովել հավաքի խաղաղ ընթացքն ու օրենսդրությամբ սահմանված պահանջները»,- ասվումէ հաղորդագրության մեջ։
ՀՀ ՄԻՊ աշխատակազմը կարևորել է, որ նշված իրավիճակում հասարակական և քաղաքական գործիչները, զանգվածային լրատվության միջոցները ոչ միայն բացառեն ատելություն, բռնություն կամ անհանդուրժողականություն քարոզող ցանկացած խոսք ու վարքագիծ, այլ նաև հակազդեն դրանց:
Նշվում է, որ հանրային համերաշխությունը կարող է ապահովվել միայն այլոց նկատմամբ հանդուրժողական, նրբանկատ և զգայուն վերաբերմունքի ու հարգալից երկխոսության միջոցով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում