Պատվաստվելը կյանքեր է փրկում. հանդիսավոր արարողությամբ ամփոփվեց իմունականխարգելման շաբաթը
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` պատվաստումների շնորհիվ աշխարհում տարեկան 3-5 մլն կյանք է փրկվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» միջոցառման շրջանակում:
«Ապրիլի վերջին շաբաթը եվրոպական ամբողջ տարածաշրջանում իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» միջոցառումը: Աշխարհի և եվրոպական տարածաշրջանի շահագրգիռ կառույցները, համախմբելով ուժերը, այս օրերին հատուկ ուշադրություն են դարձնում պատվաստումների կարևորությանը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ մեթոդներին»,- նշեց Նանուշյանը:
Նա տեղեկացրեց՝ Հայաստանում 2020 թվականից հետո պատվաստումների անկում է գրանցվել, բայց քանի որ ամբողջ առողջապահական համակարգը մոբիլիզացրեց իր ուժերը՝ մեծ աշխատանք կատարելով, անցյալ տարի պատվաստումների թվի բարձր ցուցանիշ գրանցեցին` մինչև 1 տարեկան երեխաների 92 տոկոսը պատվաստվեց: Նրա պնդմամբ՝ շարունակելու են աշխատանքներ իրականացնել 92 տոկոսը 95-ի հասցնելու համար:
«Ամեն տարի, երբ 10 երեխա չի պատվաստվում, չպատվաստվածների խմբերն ավելանում են, և վարակի դեպքում այդ չպատվաստված անձանց միջոցով բռնկում է տեղի ունենում: Որպես օրինակ՝ այսօր շարունակվում է կարմրուկի դեպքերի գրանցումը ՀՀ-ում այն մարդկանց շրջանում, որոնք պատվաստված չեն կամ թերի են պատվաստված»,- տեղեկացրեց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ պատվաստումների խրախուսումը իրականացվում է և՛ մարզերում, և՛ Երևանում: Միջոցառումներ են լինում դպրոցներում, մանկապարտեզներում՝ ծնողական ժողովների տեսքով:
«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» միջոցառման ամփոփմանը մի շարք տաղավարներ ներկայացրին պատվաստման կարևորությունն ու առաջնահերթությունը: Տաղավարներից մի քանիսն էլ ներկայացրին ոչ վարակիչ հիվանդությունների, օրինակ՝ ՄՊՎ և արգանդի պարանոցի քաղցկեղի պատվաստման կարևորության մասին: Նշվեց՝ արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում Հայաստանում 2-րդ ամենատարածված քաղցկեղն է, քաղցկեղի այս տեսակը գրեթե բոլոր դեպքերում հարուցվում է մարդու պապիլոմավիրուսով (ՄՊՎ), որը կարելի է կանխարգելել պատվաստման միջոցով:
Միջոցառումը կազմակերպել էր Առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործընկերների հետ: Միջոցառումը իրազեկման բնույթ էր կրում:
Պատվաստման շնորհիվ` իմունային համակարգը ոչնչացնում է ախտածին հարուցիչները, որոնք օրգանիզմ են ներթափանցում շրջակա միջավայրից՝ կանխարգելելով հիվանդության զարգացումը: Հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի առաջացման ռիսկն անհամեմատ փոքր է, քան հիվանդության արդյունքում առաջացած բարդությունները: Մասնագետները պնդում են` նույնիսկ հակաբիոտիկները այնպիսի նշանակալի դրական ազդեցություն չեն թողել հիվանդացության և մահացության ցուցանիշների վրա, որքան պատվաստումները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում