Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով

Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի 
ղեկավարի անվանական հուշամեդալով

ԳԱՎԱՌ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի 100-ամյա բնակիչ, երկարամյա մանկավարժ Աստղիկ Բաբայանին համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հրամանով շնորհվել է համայնքապետի անվանական հուշամեդալ` մատաղ սերնդի կրթության, դաստիարակության, մասնագիտական երկարամյա գործունեության և նվիրումի համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, հոբելյարին այցելել ու հուշամեդալը հանձնել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։ 

Աստղիկ Ղևոնդի Բաբայանը ծնվել է 1924 թվականի ապրիլի 13-ին, ՀԽՍՀ Ղափան քաղաքում, աշխատավորի ընտանիքում: Ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը: 1943 թվականին հյուրընկալել է քրոջը՝ Մանուշին, ով բնակվում էր Նոր Բայազետում:  1944 թվականին Աստղիկ  Բաբայանն աշխատել է Նոր Բայազետի ԶԱԳՍ-ի վարիչ: Նույն տարում ամուսնացել է Նոր Բայազետի բնակիչ, ժողդատավոր  Միհրան Հայրապետի Թորգոմյանի հետ:

Աստղիկ Բաբայանը 1953 թվականից աշխատել է Նոր Բայազետի մանկապարտեզի վարիչ, շուրջ 35 տարի զբաղվել մատաղ սերնդի կրթությամբ ու դաստիարակությամբ։ Այնուհետ  դասավանդել է քաղաքի գիշերօթիկ դպրոցում: Արժանացել է «Աշխատանքի վետերան» կոչմանը, բազմաթիվ խրախուսանքների: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ թիկունքում ցուցաբերած ծառայությունների համար խրախուսվել է շքանշաններով ու պատվոգրերով:

Աստղիկ Բաբայանն ունի 4 զավակ, 10 թոռ,  13 ծոռ և 3 կոռ:

«Աստղիկ և Միհրան Թորգոմյանները մեր քաղաքում և հանրապետությունում  վայելել են մեծ ժողովրդականություն: Աստղիկ տատը բազմաթիվ սերունդներ է դաստիարակել ու կյանք ճանապարհել, աշխատել ամենայն նվիրումով, իսկ թոշակի անցնելուց մինչ օրս վայելում է իր ընտանիքի անդամների, հարազատների սերն ու հարգանքը, ուշադրությունն ու հոգատարությունը։ Մենք մեր երախտագիտությունը Աստղիկ տատին հայտնել ենք ոչ միայն հուշամեդալի շնորհմամբ, այլ նաև շնորհավորանքների ամենաջերմ խոսքերով»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։ 

Խոսրով Խլղաթյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am