Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Պարը՝ ազգային ինքնության խտացում. պարարվեստի ներկայացուցիչները համերգով նշեցին մասնագիտական տոնը

Պարը՝ ազգային ինքնության խտացում. պարարվեստի ներկայացուցիչները 
համերգով նշեցին մասնագիտական տոնը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պարողների օրը` պարողների համար». այս խորագրով համերգով պարարվեստի ներկայացուցիչները տոնեցին Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ը՝ գնահատելով միմյանց կատարած աշխատանքը, բարձրաձայնելով պարի՝ որպես ազգային դիմագծի կերտման ու պահպանման դերը:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին, որը տեղի ունեցավ Երևանի օպերային թատրոնում, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը կատարեց հայկական և միջազգային պարեղանակներ՝ հիացնելով անգամ արտասահմանյան հայտնի ստեղծագործությունները հայկական մոտիվներով ներկայացնելու փայլուն կարողությամբ: Նրանց հետ հանդես եկան սիրված արտիստներ Արփին, Զարուհի Բաբայանն ու Սևակ Ամրոյանը:

Համերգի երկրորդ մասում Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսանողները հանդիսատեսին ներկայացրին «Բեթհովեն. սիմֆոնիա No. 7» բալետային ներկայացման առաջնախաղը, որը բեմադրել է Դավիթ Գալստյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկաներին շնորհավորեց մասնագիտական տոնի կապակցությամբ և ասաց՝ հրաշալի առիթ է ևս մեկ անգամ արժևորելու պարարվեստի նվիրյալների երախտիքն ու վաստակը, բարեմաղթանք հղելու պարարվեստի բոլոր գործիչներին՝ պարողներին, բալետմայստերներին, պարուսույցներին:

«Պարը գեղեցիկի մարմնացումն է, ուրախություն, բերկրանք պարգևող մարդկային ամենաանկեղծ լեզուն, որն ի զորու է փոխանցել ուրախության ու երջանկության, ցավի  և տխրության ամենանուրբ ելևէջները: Պարն ազգային ինքնության խտացումն է, հավաքական դիմագիծը, իսկ հայկական պարը մեր մշակութային ժառանգության ամենաերևելի դրսևորումներից է, որ բազմաթիվ թելերով կապված է մեր ազգային ավանդույթների, մեր մտածողության հետ»,-շեշտեց Ավինյանը:

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը կարևորում է ոլորտի զարգացմանը միտված նախաձեռնությունների խրախուսումը, ձեռնարկում ծրագրեր, որոնք  վերափոխելու են մարդկանց շրջապատող իրականությունը:

Նախորդ տարի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Թումանյանի անվան այգում բացօթյա ձևաչափով ցուցադրվել են Արամ Խաչատրյանի բալետները: Այս տարի բալետային փառատոնը կմեկնարկի Անգլիայի ազգային բալետի երևանյան հյուրախաղերով:

Տիգրան Ավինյանը մաղթեց, որ պարը հարատև լինի ու շարունակի ջերմացնել բոլորի սրտերը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էլ շեշտեց՝ Պարի միջազգային օրը ևս մեկ հնարավորություն է ընդգծելու այն կարևորությունը, որ պարն ունի մեր կյանքում: «Պարն աշխարհին նայելու գեղագիտական ձև է, որը շատ կարևոր է նաև երեխաների կրթության և զարգացման համար: Այս օրը ևս մեկ առիթ է գնահատելու այն մեծ աշխատանքը, որ անում են պարարվեստի ներկայացուցիչներն ամեն օր՝ անկախ տրամադրությունից»,-ասաց նախարարը:

HM2_9170.JPG (839 KB)

ԿԳՄՍ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը պարարվեստի մի խումբ գործիչների պարգևատրեցին մեդալներով և պատվոգրերով՝ ոլորտում ունեցած կարևոր ավանդի և լուրջ ձեռքբերումների համար:

Երեկոյին հիշեցին նաև պարարվեստի այս տարվա հոբելյարներին՝ Վահրամ Արիտսնակեսյան-125,  Իլյա Արբատով-130: Շուտով կնշվի նաև Սոֆի Դևոյանի 75-ամյակը:

Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր Գագիկ Կարապետյանը, որն ուշադրությամբ էր հետևում համերգային երեկոյի ընթացքին, խոստովանեց՝ պարարվեստը բավականին հեռու անկյունում, հեռու դարակներից մեկում է մնացել, և այս միջոցառումը ևս մեկ առիթ է անդրադառնալու պարարվեստի բոլոր խնդիրներին, առաջխաղացումներին, տարբեր ուղղություններին: «Խոսում ենք այն մասին, թե ինչ խնդիր ունենք, ինչ ենք ցանկանում անել, ինչ ենք ուզում, որ լինի և ինչով  կարող են մեզ աջակցել պետությունն ու ինքներս մեզ: Բազում հարցեր կան, որոնց լուծումների պարագայում մեր վիճակը բավականին կլավանա: Եվ սա միակ օրն է, երբ մեզ շնորհակալություն են հայտնում մեր աշխատանքի համար»,-ասաց նա:

HM2_8939.JPG (730 KB)

Գագիկ Կարապետյանն արդեն 56 տարի պրոֆեսիոնալ պարարվեստում է և հույս ունի, որ պետության, մեկենասների աջակցությամբ կհաղթահարեն խնդիրները և թե՛ Պարի պետական անսամբլը, թե՛ այլ պարախմբեր կունենան առաջվա փառքն ու ոտք կգցեն աշխարհի  լավագույն խմբերի հետ:

Պարի միջազգային օրվան նվիրված երեկոն իրականացվեց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի բարձր հովանու ներքո:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am