Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ-ին հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունն ու տնտեսությունը․ քաղաքագետ

ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ-ին հնարավորություն է տալիս 
դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունն ու տնտեսությունը․ 
քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի թիվ մեկ դոնորը Եվրամիությունն է՝ երկրին հատկացվող օգնության տեսանկյունից։ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը հնարավորություն է տալիս ՀՀ-ին դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը, առավել ևս, որ եվրոպական շուկան վճարունակությամբ աշխարհում թիվ մեկն է, հետևաբար ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանին տալու է բացառապես դրական արդյունքներ։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ տեսակետը հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության միջև զարգացող հարաբերություններին։

Կոնկրետ անվտանգության հարցում համագործակցության առումով քաղաքագետն ընդգծեց, որ եվրոպական անվտանգային համակարգը բազմաշերտ է և բաղկացած է մի քանի ենթահամակարգերից։

«Ընդհանուր առմամբ՝ ԵՄ-ն ռազմական կառույց չէ, զուտ անվտանգություն սպառող է, սակայն մենք կարող ենք համագործակցել այդ կառույցի անդամ առանձին պետությունների հետ։ Առաջին ծիծեռնակը Ֆրանսիան է, որի հետ արդեն ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության փաստաթուղթ։ Հայկական կողմը մի շարք երկրների հետ նույնպես բանակցում է, ուստի չի սահմանափակվի միայն Ֆրանսիայով»,- ասաց Վարդանյանը։   

Նա շատ բարձր գնահատեց եվրոպացի դիտորդների առաքելությունը Հայաստանում՝ հավելելով, որ այն պահից, ինչ նրանք տեղակայվել են հայ-ադրբեջանական սահմանին, զգալիորեն նվազել է բախումների և զոհերի թիվը։ Ըստ նրա՝ բավական է նայել վիճակագրական տվյալներին, ինչից հետո ամեն ինչ կփաստվի և պարզ կդառնա, որ դիտորդների տեղակայումն ադրբեջանական ագրեսիվ գործողությունները զսպող լուրջ գործոն է։

«ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումն, անշուշտ, ուղղված չէ երրորդ երկրի, մասնավորապես Իրանի դեմ։ Կան որոշակի կենտրոններ, որոնք զուտ քարոզչական թեզեր են հրապարակ նետում, թե իբր դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում Իրանի դեմ, ինչը ծիծաղելի է։ Միայն հեռադիտակով զինված դիտորդը չի կարող Իրանի մասին հավաքել հետախուզական տվյալներ, դա հակաքարոզչություն է՝ նպատակ ունենալով խարխլել Հայաստան-Իրան հարաբերությունները։ Այն իրականացվում է հիմնականում ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից, որին միանում է հայաստանյան հինգերորդ շարասյունը»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Վարդանյանի դիտարկմամբ՝ տնտեսական առումով ԵՄ-ի հետ հարաբերությունները ՀՀ-ին հնարավորություն են տալիս դիվերսիֆիկացնել արտաքին տնտեսական գործունեությունը, արտահանումը և թուլացնել Ռուսաստանից ունեցած կախվածությունը։

«Շատ կարևոր է, որ ԵՄ-ն օգնի մեզ ու բացի իր շուկաները մեր երկրի առջև, ինչի շնորհիվ հայկական ապրանքների մի զգալի մասը կարող է արտահանվել հենց Եվրոպական շուկաներ։ Դա, բացի տնտեսական օգուտից, իր մեջ պարունակում է լուրջ անվտանգային բաղադրիչ։ Տնտեսապես ուժեղանալու դեպքում, ՀՆԱ-ի ավելացման պարագայում Հայաստանը կարող է գնել ավելի մեծ քանակի սպառազինություն։ Այս պահին, ցավոք ,մեր ապրանքների որակը շատ բարձր չէ և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Արտահանվող տեսականին հիմնականում բաղկացած է հումքից, ուստի այդ առումով ՀՀ-ն և ԵՄ-ն շատ անելիքներ ունեն։ Անհրաժեշտ է եվրոպական աջակցությամբ ներդնել արևմտյան ստանդարտացման գործընթաց մասնավորապես սննդի ու վերամշակող արդյունաբերության մեջ։ Վրաստանի փորձն արդեն կա։ Տարիներ առաջ, երբ ՌԴ-ն արգելեց վրացական գինիների մուտքը ռուսական շուկա, վրացական գինիների որակը համապատասխանեցվեց եվրոպական չափանիշներին, ինչից հետո դրանք հաջողությամբ մրցակցեցին եվրոպական ապրանքների հետ»,- ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ շատ հայ գործարարներ իրենց ապրանքի որակի հետևից չեն ընկնում, քանզի սովորել են քիչ ներդրումներով ստանալ արդյունք և վաճառել տեղական կամ ռուսական շուկաներում։ Մեր զրուցակցի պնդմամբ՝ այդ ուղղությամբ նույնպես պետք է իրականացվի մեծածավալ աշխատանք, որպեսզի մեր ապրանքներն, անցնելով ստանդարտացման համապատասխան ընթացակարգերը, դառնան մրցունակ ու արտահանվեն եվրոպական շուկաներ։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ու ԵՄ անդամ երկրների միջև վիզաների ազատականացման հարցին, Վարդանյանը թեև խնդրի լուծման համար կոնկրետ ժամկետ չմատնանշեց, սակայն շեշտեց, որ ի վերջո այդ հարցում նույնպես պետք է արձանագրվի դրական արդյունք։

«Այս պահին, թերևս, ամենից շատ մտահոգություն է հայտնում Ֆրանսիան՝ պնդելով, որ այս փուլում վիզաների ազատականացման դեպքում հազարավոր անձինք Հայաստանից կմեկնեն Ֆրանսիա, որտեղ որոշ ժամանակ անց ապօրինի միգրանտների քանակը կավելանա։ Այդուհանդերձ, բանակցությունները շարունակվում են, և ճիշտ աշխատանքի դեպքում կունենանք դրական արդյունք։ Այդ հարցը անլուծելիների շարքից չէ»,-եզրափակեց քաղաքագետը։      

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am