Պուտինը մայիսի 16-17-ը պետական այցով կմեկնի Չինաստան
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով մայիսի 16-17-ը պետական այցով կմեկնի Չինաստան։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
«Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի մայիսի 16-17-ը պետական այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ որպես իր առաջին արտասահմանյան այց պաշտոնն ստանձնելուց հետո», - հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Այցը Չինաստան կլինի Պուտինի առաջին արտասահմանյան այցը Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո և, ինչպես ավելի վաղ ասել է պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, կդառնա «նախագահ Սի Ծինփինի առաջին պաշտոնական այցի պատասխան քայլը, որն իրականացվել է անցյալ տարի՝ նույնպես համապատասխան ընտրություններից հետո»։
Պուտինն ու Սի Ծինփինը բանակցություններ կվարեն, որի արդյունքում նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում։ Նրանք կմասնակցեն նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակի և երկու երկրների Մշակույթի տարիների բացման արարողությանը։
Պուտինի՝ Չինաստան այցի շրջանակներում նախատեսված է նրա հանդիպումը երկրի Պետխորհրդի վարչապետի հետ։ Այցի ընթացքում Պուտինը կլինի երկու քաղաքներում՝ Պեկինում և Հարբինում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում