Գիտությունների ակադեմիան հավանություն տվեց նոր Հայկական հանրագիտարան ստեղծելու առաջարկին
ԵՐԵՎԱ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հավանություն տվեց նոր Հայկական հանրագիտարան ստեղծելու՝ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության առաջարկությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, նոր հանրագիտարանը բաղկացած է լինելու 10 հատորից` թվային եւ տպագիր տարբերակներով: Հանրագիտարան ստեղծելու համար պետք է կազմավորվեն հեղինակների մասնագիտական խմբեր, որոնք կկազմակերպեն հոդվածների պատրաստումն ու դրանց համակողմանի քննարկումը: Նոր հանրագիտարանի ստեղծումը կիրականացվի 2016-2026 թվականներին:
ՀՀ ԳԱԱ նախագահությունը մտադիր է դիմել ՀՀ կառավարությանը՝ Հայկական հանրագիտարանի հրատարակությունն իրականացնելու համար համապատասխան միջոցներ հատկացնելու համար:
1974-1987թթ. հրատարակվել է 12+1 հատոր Հայկական սովետական հանրագիտարանը, որի պատրաստումն ու հրատարակությունը լուրջ ձեռքբերում էր հայ մշակույթի և գրահրատարակչության պատմության մեջ: Ընդունված հանրագիտարանային սկզբունքներով առաջին անգամ մշակվել, ամփոփվել և ներկայացվել են հայ ժողովրդի պատմության, արվեստի, մշակույթի, հասարակական-քաղաքական կյանքի, տնտեսության, սպորտի, առողջապահության և մյուս ոլորտների կարևորագույն իրադարձությունները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում