Հայոց ցեղասպանության մասին շվեյցարացի միսիոների գիրքը դարձել է հուլիսի «Ամսվա գիրք»
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հուլիս ամսվա գիրք է ճանաչել շվեյցարացի միսիոներ Յակոբ Կյունցլերի «Արյան և արցունքների երկրում» գիրքը, որը սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող աշխատություն է, որտեղ նկարագրվում են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ուրֆայում տեղի ունեցած իրադարձությունները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ թանգարանի կայքից, հեղինակը գրքում նկարագրվող դեպքերի անմիջական ականատեսն է, ինչն էլ ավելի արժեքավոր է դարձնում այս հուշագրությունը Հայոց ցեղասպանության իրականացման դրվագները ուսումնասիրողների համար:
1899թ. գալով Ուրֆա` Կյունցլերն աշխատանքի է անցնում «Գերմանական առաքելություն Արևելքում» կազմակերպության հիվանդանոցում` որպես շվեյցարացի բժիշկ Հերման Քրիստի օգնական: Առաջին աշխարհամարտի տարիներին նա միակն էր, ով ունակ էր բժշկական օգնություն ցույց տալ Ուրֆայի և շրջակա բնակավայրերի բնակչությանը:
Յակոբ Կյունցլերին և նրա կնոջը` Էլիզաբեթին, հաջողվում է պատերազմի տարիներին բազմաթիվ հայերի փրկել վերահաս մահվանից:
Գիրքը նախատեսված է պատմաբանների, արևալագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար:
Յակոբ Կյունցլերը ծնվել է 1871թ. մարտի 8-ին Շվեյցարիայի Հունդվիլ գյուղում: Դառնալով հիվանդապահների բողոքական եղբայրության անդամ` նա աշխատանքի է անցնում Բազելի հիվանդանոցներից մեկում, որտեղ էլ ծանոթանում է բժիշկ Հերման Քրիստի հետ: Շուտով վերջինս Յոհաննես Լեփսիուսի ղեկավարած «Գերմանական առաքելություն Արևելքում» կազմակերպության կողմից գործուղվում է Ուրֆա: Նրա հրավերով 1899թ. Կյունցլերը ևս ժամանում է Ուրֆա` դառնալով Քրիստի օգնականը: Իր մեղմ բնավորության և աշխատասիրության շնորհիվ նրան հաջողվում է լավ կապեր հաստատել Ուրֆայի բազմազգ բնակչության հետ:
Կյունցլերի համար հատկապես լարված էին Առաջին համաշխարհային պատերազմի տարիները: Այդ ժամանակահատվածում եղել են պահեր, երբ նա միակն էր, ով կարող էր Ուրֆայում և շրջակայքում բժշկական օգնություն ցուցաբերել: 1914-1918թթ. Յակոբը և հատկապես նրա կին Էլիզաբեթը մեծ թվով հայերի են փրկել վերահաս մահից:
Պատերազմից հետո Կյունցլերն ընտանիքով մեկնում է Շվեյցարիա: Սակայն կարճ ժամանակ անց վերադառնում է Ուրֆա` շարունակելու կիսատ թողած գործը: Շուտով Կյունցլերն սկսում է համագործակցել «Մերձավոր Արևելքի նպաստամատույցի» (ՄԱՆ) հետ: Երբ 1922թ. ՄԱՆ-ը որոշում է Թուրքիայից այլ երկրներ տեղափոխել հայ որբերին, Կյունցլերն ակտիվ մասնակցություն է ունենում այդ գործում` մինչև նույն թվականի սեպտեմբեր շուրջ 8000 հայ որբեր տեղափոխելով Սիրիա և Լիբանան:
Հաստատվելով Լիբանանի Ղազիր գյուղում` Կյունցլեր ամուսինները ստանձնում են ՄԱՆ-ի որբանոցի ղեկավարումը: Յակոբ Կյունցլերը մինչև իր մահը` 1949թ. հունվարի 15-ը, մնում է Լիբանանում` օգնելով հազարավոր կարիքավոր հայերի:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ յուրաքանչյուր ամիս հայտարարում է «Ամսվա գիրքը»: Գրքերը պատահական չեն ընտրվում. «Ամսվա գիրք» անվանակարգում ընտրվում են Հայոց ցեղասպանության թեմայով կարևոր հուշագրություններ, բացառիկ վկայություններ և մեծ հետաքրքրություն առաջացրած այլ հրատարակություններ: Այս նախագծի նպատակն է ընթերցող լայն հանրությանը ծանոթացնել հազվագյուտ և տակավին անհայտ գործերին՝ թեմայի վերաբերյալ իրազեկելու և խորքային գիտելիքներ հաղորդելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում