Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՀՀ կրթության և գիտության նախարարը շրջանավարտներին հորդորել է չվախենալ սխալներից

ՀՀ կրթության և գիտության նախարարը շրջանավարտներին հորդորել է չվախենալ սխալներից

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Վերջին զանգ»-ի օրվա առիթով ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի դպրոցի  շրջանավարտների Վերջին դասի միջոցառմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Շնորհավորելով շրջանավարտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին` նախարարը, մասնավորապես, նշել է. «Դուք կյանք եք մտնում և երկար ճանապարհ ունեք գնալու, և այդ ճանապարհի ընթացքում կլինեն հաջողություններ և անհաջողություններ։ Երբեք չի լինում, որ կյանքը լինի միշտ հաջող կամ միշտ անհաջող։ Պետք է ձեր սխալից չվախենաք և առաջ գնաք՝ միշտ հիշելով, որ կա ամենակարևորը՝ յուրաքանչյուր քայլից հետո պետք է հարցնել՝ ինչու, ինչու եք այդ քայլն անում, ինչու եք այդ ճանապարհն ընտրել։ Հիմա կարևոր շրջան է հայ ժողովրդի համար։ Մեզ հույսը հայ երիտասարդն է, ով պետք է ստանա աշխարհում հնարավոր ամենաբարձր կրթությունը, բայց նրա սրտում պետք է բաբախի մեր 5000 տարվա քաղաքակրթությունը։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, վստահորեն առաջ ընթացեք և շենացրեք մեր երկիրը»։

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ հատուկ է այցելել մարզային դպրոց, որպեսզի տեսնի` մարզերում, մեր երկրի տարբեր անկյուններում, մեր փոքր դպրոցներում կրթությունը կազմակերպման, քաղաքացու ձևավորման մթնոլորտը: «Մենք  պետք է ամբողջապես հենվենք նոր սերնդի վրա: Յուրաքանչյուր սերունդ ունեցել է իր պատասխանատվությունը, իսկ այս` անկախության սերունդը, պետք է ունենա երկու կարևոր զգացում, որը նաև կրթության բովանդակությունն է` ազատություն և պատասխանատվություն երկրի ապագայի համար»,-նշել է նախարարը` լրագրողների խնդրանքով ևս մեկ անգամ  անդրադառնալով այս օրերին դպրոցներում տեղի ունեցող հնարավոր դրամահավաքին: Լևոն Մկտչյանը ևս մեկ անգամ հորդորել է զերծ մնալ  դրամահավաքներից:  «Կրկին կոչ ենք անում ավելի համեստ ու բովանդակալից նշել «Վերջին զանգը»: Մենք մեր հերթին զգուշացրել ենք տնօրեններին, որպեսզի բացառեն դրամահավաքը, ծնողական կոմիտեներին զգուշացրել ենք հավաքել այն նվազագույն գումարը, որն անհրաժեշտ է երեխաների համար: «Վերջին զանգի» արարողությունը, ցավոք, դառնում է նույն գործընթացը, ինչ մեր` Ամանորի սեղանների մրցակցությունը»,-նշել է նախարարը: 

Այս տարի ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների թիվը կազմում է շուրջ 20 հազար աշակերտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am