Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Երևանյան բեսթսելեր 4/24. «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»-ը կրկին արդիական է

Երևանյան բեսթսելեր 4/24. «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»-ը կրկին արդիական է

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:

«Դորիան Գրեյի դիմանկարը» այս շաբաթ մեկ հորիզոնականով զիջել է դիրքերն ու հայտնվել վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում: Այն անգլիացի գրող Օսկար Ուայլդի ամենահայտնի երկերից մեկն է: Առաջին անգամ վեպը հրատարակվել է 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում, իսկ առանձին գրքով տպագրվել է 1891 թվականի ապրիլին:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գիրքը երրորդն է ամենաշատ վաճառված գրքերի ցանկում: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը: Վեպն գրողի հայրենիքում առաջին անգամ տպագրվել է 1958 թ.: Գրքի կենտրոնական թեման սերն է, սակայն Մարկեսն անդրադառնում է խորքային բնույթ կրող շատ այլ խնդիրների:

Չորրորդ տեղում Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքն է: Այն Գրինի ամենատխուր ստեղծագործություններից մեկն է, որը գրողը նվիրել է Էսթեր Ըրլին: Գրքի հերոսները քաղցկեղով հիվանդ երիտասարդներ են, սակայն 2014 թվականի ամենավաճառված և The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված այս գիրքը հիվանդության ու մահվան մասին մռայլ պատմություն չէ:

Հինգերորդ պատվավոր տեղում Ռեյ Բրեդբըրիի  «Ֆարենհայթ 451°» ստեղծագործությունն է: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները մատնում են հրկիզողներին: 
Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:

Գաբրիել Գարսիա Մարկեսի  «100 տարվա մենություն»-ը վեցերորդ տեղում է: Նախորդ շաբաթվա համեմատ` այն հորիզոնականի փոփոխություն չի գրանցել: Գիրքը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Սա  հեղինակի ամենաճանաչված երկերից մեկն է, որ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

«Երևանյան բեսթսելեր»-ի ցանկ է մտել և յոթերորդ տեղը զբաղեցրել «Անտարես»-ի լույս ընծայած «Խատուտիկի գինի» ստեղծագործությունը: Ամերիկացի ականավոր գրող Ռեյ Բրեդբըրիի ամենաճանաչված գործերից մեկն է (1957): Կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը հեղինակի բնորոշմամբ նրա պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Բացելով «հիշողության մառանները»՝ Բրեդբըրին մեծ գրողին վայել վարպետությամբ իր պատմությունները շաղախում է խենթ ռոմանտիզմի, նրբին բանաստեղծականության ու անմոռանալի հումորի վառվռուն ցոլքերով, որոնք «Խատուտիկի գինին» դարձնում են ամեն տարիքի և կարգի ընթերցողին սրտամոտ հազվագյուտ գիրք: Անգլերենից թարգմանել է Զավեն Բոյաջյանը:

Ութերորդ տեղում Ջորջ Օրուելի «1984» վեպն է: Այն լույս է տեսել «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:  

Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունն իններորդ հորիզոնականում է: Այն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է: Պատմության գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներն առերեսվում են փոփոխության հետ, և յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Ինչպես նախորդ, այս շաբաթ ևս տասնյակը եզրափակում է Ալիս Մանրոյի «Կյանքի սիրույն» պատմվածքների շարքը: Ալիս Մանրոյի այս պատմվածքներում կանադական գյուղաքաղաքների անորսալի կյանքն է: Գնացքում, լքված անվավոր կցասայլակում, ինչ-որ մի եկեղեցու հետևորդի կամ ծեր զույգի տանը տեղի ունեցող իրադարձությունները երբևէ չեն հավակնում ստեղծելու մեկ այլ իրականության պատրանք: Նոր կյանքի խոստումով կամ անցյալի պատկերներով տարված այս մարդիկ որքան էլ անբացատրելի, կտրուկ քայլերի դիմեն, պարզապես շարունակելու են ապրել: Ալիս Մանրոն ապրում է նրանց հետ՝ նայելով առաջ՝ դեպի ավարտը, և անսպասելիորեն շրջվում է դեպի մանկություն, որպեսզի եզրափակի ժողովածուն ինքնակենսագրական պատմություններով: Նոբելյան մրցանակի դափնեկիր (2013) գրողի պատմվածքներն անգլերենից թարգմանել է Աննա Դավթյանը: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +2

 

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 24
2 -1

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը» 

Էդիթ Պրինտ 19
3 +1

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 14
4 +3

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

էդիթ Պրինտ 12
5 +4

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451°» 

Զանգակ 10
6 0

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն» 

Բուկինիստ 9
7 նոր

 

Ռեյ Բրեդբըրի
Խատուտիկի գինի
Անտարես 8
8 *

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 7
9 -7

Սպենսեր Ջոնսոն

«Ո՞ւր է իմ պանիրը»

էդիթ Պրինտ 6
10 0

Ալիս Մանրոյի

«Կյանքի սիրույն» 

Զանգակ  5

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անի Նազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am