Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն է

Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության 
կանխարգելման միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրությունը դեկտեմբերի 9-ին հիշատակում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 2015 թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը միաձայն ընդունեց 69/323 բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

Բանաձևը խրախուսում է բոլոր անդամ և դիտորդ պետություններին, ՄԱԿ-ի համակարգի բոլոր կազմակերպություններին, ինչպես նաև այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին ու անհատներին նշել այդ միջազգային օրը` Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև այդ հանցագործության դեմ պայքարի ու դրա կանխարգելման դերը բարձրացնելու և ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը հարգելու համար:

Դեկտեմբերի 9-ը հիշատակում է 1948 թ. Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման օրը: Այս միջազգային օրվա առաջին հիշատակումը կազմակերպվում է ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի նախագահի, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության, ինչպես նաև ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի համատեղ ջանքերով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու կապակցությամբ հղել էր հետևյալ ուղերձը.

«Այսօր մենք նշում ենք Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Այն համընկնում է 1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ու պատժելու մասին կոնվենցիայի ընդունման տարեդարձի հետ: Այժմ ճիշտ ժամանակն է վերահաստատելու միջազգային այս լուրջ հանցագործությունը կանխելու մեր հանձնառությունը, հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին և վերասահմանելու իրավական պաշտպանության միջոցների և փոխհատուցման իրավունքը՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի: Ցեղասպանության կանխարգելումը ենթադրում է առավել մեծ ուշադրություն դարձնել նախազգուշացնող նշաններին և պատրաստ լինել անհապաղ միջոցներ ձեռնարկել դրանց դիմակայելու համար: Սա է իմ` «Մարդու իրավունքներն՝ առաջնային ճակատում» նախաձեռնության նպատակը: Ի վերջո, ցեղասպանությունն հանկարծակի տեղի չի ունենում, այն ժամանակի ընթացքում ծավալվում է: Դա հակամարտության դիպվածային հետևանք չէ, այլ շատ հաճախ համակարգված, ծրագրավորված, հստակորեն թիրախավորված մի երևույթ, որ կարող է տեղի ունենալ նաև ոչ միայն հակամարտության պայմաններում: Այսօր ամբողջ աշխարհում անհանդուրժողականությունն ու այլատյացությունը վերընթաց աճ են ապրում: Այս վտանգավոր «մենք ընդդեմ նրանց» երևույթի դինամիկան հաճախ չարաշահվում է` արդարացնելու ինքնության տարբեր ձևերի, այդ թվում կրոնի, ազգային պատկանելության կամ այլ ձևերի հիման վրա իրականացվող համայնքների բացառումը և մերժելու աջակցությունը, սահմանափակելու մարդու իրավունքներն ու իրագործելու բռնության դաժան գործողություններ: Ցեղասպանության կանխարգելումը միջազգային իրավունքով սահմանված յուրօրինակ պարտավորություն է: Սա հստակորեն սահմանվել է Արդարադատության միջազգային դատարանի ու այլ դատական մարմինների կողմից: Կառավարությունները պետք է գործեն ելնելով այս հրամայականից` իրենց ներդրումն ունենալով կանխարգելման ու կանխարգելիչ գործողությունների ձեռնարկման ոլորտում: Միջազգային այս նոր հիշարժան օրվա առթիվ եկե՛ք գիտակցենք առավել միահամուռ աշխատելու անհրաժեշտությունը՝ պաշտպանելով անհատներին մարդու իրավունքների կոպիտ խախտումներից և սատար կանգնելով համայն մարդկությանը»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am