«Արտավազդ» մրցանակը գտավ իր արժանի տերերին
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանդույթի համաձայն` Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին, Երևանում` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, անցկացվեց «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակին:
«Երբ Արտավազդ երկրորդ թագավորը բեմադրում էր առաջին ներկայացումը, երազում էր թատերական գերտերություն ունենալու մասին: Կարծում եմ` մենք այդ երազանքը կարող ենք իրականություն դարձնել, քանի որ ունենք հրաշալի թատրոններ, դերասաններ, բեմադրիչներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նրա խսքով` կինոն կարող է հանրահայտ դարձնել, հեռուստատեսությունը` հարուստ, իսկ թատրոնը բարի և ազնիվ:
Մրցանակաբաշխությանը տեսաֆիլմի միջոցով անդրադարձ կատարվեց անվանի դերասան Էդգար Էլբակյանին և նրա որդին ` Արմեն Էլբակյանը, «Էդգար Էլբակյանի անվան հատուկ մրցանակ»-ը հանձնեց դերասանուհի Գրետա Մեջլումյանին «Վարագույրը չի փակվում» ներկայացման մեջ իր մարմնավորած կերպարի համար:
«Թատերարվեստին արժանապատիվ ծառայելու համար» մրցանակների արժանացան Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, մնջախաղաց Յուրի Կոստանյանը և Սունդուկյանի թատրոնի աշխատակից Գրիշա Հարությունյանը:
Հայաստանի թատերական գործիչների միությունը ոսկե մեդալներ շնորհեց 65-ամյա դերասաններ Հարություն Մովսիսյանին, Վիգեն Հովսեփյանին և Ռուդոլֆ Ղևոնդյանին:
«Տարվա լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացավ Սամսոն Մովսեսյանի «Մատնաչափիկը»:
«Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» ճանաչվեց Տաթևիկ Հովակիմյանը «Խոսիր ինձ հետ» ներկայացման համար:
Նույն ներկայացման մեջ մարմնավորած կերպարի համար «Լավագույն երիտասարդ դերասան» ճանաչվեց Դավիթ Սարգսյանը:
«Տարվա լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում մրցանակի արժանացավ Լիլի Էլբակյանը «Դեկամերոն» բեմադրության համար:
«Լավագույն սցենոգրաֆիա» համարվեց Նարինե Օհանյանի «Մատնաչափիկ» տիկնիկային ներկայացումը:
«Լավագույն զգեստներ»-ի համար «Արտավազդ»-ի արժանացավ Մերի Սարգսյանը:
«Լավագույն երաժշտության հեղինակ» համարվեց Վահե Հայրապետյանը «Կրիպսի մկնիկը» ներկայացման երաժշտության համար:
«Լավագույն երաժշտական ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացավ Նարինե Ստեփանյանի «Տոսկա» օպերային ներկայացումը:
«Լավագույն պլաստիկայի և շարժման ներկայացում» անվանակարգում հաղթեց Պարարվեստի զարգացման հիմնադրամը «Տեսիլաժամեր» բեմադրությամբ:
«Լավագույն կին դերակատար» ճանաչվեց Ջուլիետա Ստեփանյանը «Արծվաբույն» ներկայացման մեջ մարմնավորած կերպարով:
«Լավագույն տղամարդ դերակատար» համարվեց Տիգրան Ներսիսյանը «Պեպո» ներկայացման մեջ Պեպոյին մարմնավորելու համար:
«Տարվա լավագույն ներկայացում» անվանակարգում մրցանակ ստացավ Վահան Բադալյանի «Շեքսպիր» բեմադրությունը:
Մրցանակաբաշխությանը ցուցադրվեցին պարային ներկայացումներ, որոնք բարձր պահեցին ներկաների տրամադրությունը:
«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին: Սկզբնական շրջանում ունեցել է միայն մեկ անվանակարգ` «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար», իսկ 1999 թվականից սկսած տարեցտարի ավելացվել է անվանակարգերի թիվը: Մրցանակաբաշխությունը սկզբում անցկացվել է թատերական գործիչների նեղ շրջանակում, իսկ 2008 թվականից ի նշվում է մեծ շուքով:
2014 թվականից մրցանակաբաշխության համար կազմվել է ոլորտի մասնագետներից ու փորձագետներից կազմված 7 հոգանոց հանձնախումբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում