«Երվերելակ»-ը մասնավորեցվելու է
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց «Երվերելակ» ՓԲԸ-ն մասնավորեցնելու նախագիծը: ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը նշեց, որ ընկերությունը մասնավորեցվելու է մրցութային եղանակով։
«ՀՀ կառավարությունն առաջարկում է ընկերության 100 տոկոս պետական բաժնեմասը ներկայացնել մասնավորեցման մրցութային եղանակով՝ բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 94 մլն դրամով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մարկոսյանը: Ինչ վերաբերում է վաճառքի արդյունքում ստացվելիք գումարին, ապա գնի 70 տոկոսը պետք Է ուղղվի ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսն ուղղվի համապատասխան համայնքների բյուջեներ։
«Երվերելակը» վերելակային տնտեսության բնագավառում միակ լիցենզավորված պետական կառույցն Է ՀՀ տարածքում, այն իրավահաջորդն է Երևանի քաղաքապետարանի վերելակների վարչության, որը ստեղծվել Էր 1960-ական թվականներին:
Առաջին անգամ ՀՀ կառավարությունը որոշել էր այս ընկերությունը վաճառել 2012թ-ին։ «Երվերելակ»-ի բաժնետոմսերը ներկայացվել էին մասնավորեցման՝ աճուրդով, սակայն աճուրդը չէր կայացել: Երկրորդ անգամ այս ընկերության բաժնետոմսերն աճուրդի էին հանվել 2013 թվականին, և կրկին այն չէր կայացել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում