ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես է կազմակերպվել Թեհրանում
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Թեհրանի «Արարատ» մշակութային միությունում մայիսի 11-13-ը տեղի է ունեցել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ցուցահանդեսին ներկայացվեցին 1988-2016 թվականներին Հայաստանում տեղի ունեցած կարևոր մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ իրադարձությունները: Ներկայացված էին փաստագրական և գեղարվեստական ձևաչափով 160-ից ավելի լուսանկարներ:
Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկան Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոս Գրիգոր Հակոբյանը, Իրան-Հայաստան համատեղ առևտրի պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը և ցուցահանդեսի կազմակերպիչ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում