Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Երևանում բացվեց Ընտանիքի օրվան նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես

Երևանում բացվեց Ընտանիքի օրվան նվիրված գեղանկարչական աշխատանքների 
ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժամանակակից նկարիչների ասոցիացիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց «Ներկա» խորագրով գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Ցուցադրույթում ներկայացված են հայաստանցի ժամանակակից երիտասարդ նկարիչների ստեղծագործություններ:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Ցուցադրված են տասնութ նկարիչների աշխատանքներ. նրանցից յուրաքանչյուրը մի քանի կտավ է ներկայացրել: Քանի որ սա մեր կազմակերպած առաջին ցուցահանդեսն է, մասնակցում են ասոցիացիայի բոլոր անդամները: Նկարների մեծ մասը նվիրված է ընտանիքին և նկարիչների ներկայիս մտահոգություններին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց  ցուցահանդեսի կազմակերպիչ գեղանկարիչ Սերգեյ Իսավերդյանը: 

Նրա խոսքով`Հայ ժամանակակից նկարիչների ասոցիացիան նորաստեղծ է:  Ասոցիացիայի նպատակը ժամանակակից ստեղծագործողների աշխատանքները հանրության լայն զանգվածներին ներկայացնելն է:

 «Տասնհինգ տարի պրոֆեսիոնալ նկարչությամբ եմ զբաղվում, ինձ համար ներշնչանքի աղբյուր են կյանքում տեղի ունեցող դրական իրադարձությունները:   Շատ եմ կարևորում այս ցուցահանդեսը, քանի որ ընտանիքը կարևորագույն գաղափարն է, որը մեր օրերում թուլացել է, քանի որ շատ արժեքներ ոտնահարվում են»,- ասաց գեղանկարիչ Վահե Ափոյանը:

Գեղանկարչուհի Մարիամ Մուղդուսյանը նշեց, որ հետագայում ցուցահանդեսներ կիրականացվեն նաև այլ վայրերում: «Մենք մտադիր ենք նույն գաղափարները, մտածելակերպը և աշխարհայացքն ունեցող նկարիչների գործերը համատեղ ներկայացնել տարբեր ցուցահանդեսներում: Նպատակը միմյանց աշխատանքներին ու գործունեությանը ծանոթանալն է»,- շեշտեց նա:

Ցուցադրված որոշ նկարներ վաճառվում են: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 30-ը:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993 թվականին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը տոնել որպես Ընտանիքի միջազգային օր։ Ներկայումս Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում։ 2011 թվականի  փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պատգամավորները պայմանավորեցին նրանով, որ ընտանիքը, լինելով հասարակության բնական և հիմնական բջիջը, Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am