Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Դավիթ Տոնոյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլոբալ Պլատֆորմին

Դավիթ Տոնոյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլոբալ Պլատֆորմին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 24-ին մասնակցել է Մեքսիկայի Կանկուն քաղաքում մեկնարկած ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման 2017 թ. Գլոբալ պլատֆորմին: Միջոցառումը կազմակերպել են Մեքսիկայի կառավարությունը և ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել կառավարություններին, ՀԿ-ներին, գիտնական-փորձագետներին, ինչպես նաև` ՄԱԿ-ի կազմակերպություններին կատարել փորձի փոխանակում և մշակել ռազմավարական ուղեցույց՝ ԱՌՆ գլոբալ համաձայնագրերի (Հյոգոյի և Սենդայի գործողությունների ծրագրեր) կյանքի կոչման համար: 

Գլոբալ պլատֆորմին մասնակցում է աշխարհի 176 երկրից ժամանած շուրջ 5000 ներկայացուցիչ, այդ թվում՝ պետությունների ղեկավարներ, նախարարներ, կառավարությունների անդամներ, ականավոր փորձագետներ, գիտնականներ և այլոք: 

Պլաֆորմին ընդառաջ և դրա շրջանակներում կազմակերպվում է շուրջ 100 աշխատաժողով և թեմատիկ քննարկում՝ տարբեր երկրների քաղաքական ղեկավարների, նախարարների, գիտնականների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: 

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի համանախագահությամբ անցկացվել է «Տարբեր սպառնալիքների դեմ վաղ ազդարարման համակարգերի և աղետների ռիսկի տեղեկատվության մատչելիությունը և հասանելիությունը» թեմայով հատուկ նստաշրջանը: Սա կարևոր է, քանզի արդյունավետ տեղակայված վաղ ազդարարման համակարգերը կարող են ոչ միայն մեծապես նպաստել մարդկային կյանքերի փրկությանը, այլև՝ նրանց կենսապահովմանը և բարեկեցությանը: 

Հատուկ նստաշրջանի հիմնական առաքելությունն էր.

  • երկրների և միջազգային կազմակերպությունների ներդրումների արդյունավետ ուղղորդումը.
  • երկրներում վաղ ազդարարաման համակարգերի կիրառման առաջընթացը գնահատող մեթոդաբանության ներկայացումը.
  • փորձի և տեղեկության փոխանակումը, ինչպես նաև վաղ ազդարարման համակարգերի հաջողված փորձի տարածման խթանումը: 

Ողջունելով մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով Մեքսիկայի կառավարությանը՝ ջերմ ընդունելության համար, նախարար Դ. Տոնոյանը նշել է, որ մերօրյա տեխնիկական առաջընթացը հնարավորություն է տալիս մարդկությանը ոչ միայն հասկանալու, թե ինչ է կատարվում այսօր, այլև՝ ապագայում: Աղետների ռիսկերի արդյունավետ կառավարման համար նախարարն առաջարկել է կենտրոնանալ 3 հիմնահարցի ուղղությամբ.

 

  • ինչպես վաղ ազդարարումը դարձնել առավել արդյունավետ՝ առկա խոչընդոտների և մարտահրավերների առումով.
  • ինչպես ապահովել վաղ ազդարարման հասանելիությունը բոլորին
  • ինչպես խթանել վաղ ազդարարման համակարգում ներդրումներին  և համագործակցությանը: 

 

Իր խոսքում նախարար Դ. Տոնոյանը նշել է. «Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել վաղ ազդարարման կաևորությունը՝ կայուն զարգացման համար: Այսօրվա հրամայականն է՝ ստեղծել արդյունավետ համակարգ, որը հասանելի կլինի բոլորին: Այս առումով անհնար է թերագնահատել Գլոբալ Պլատֆորմի առաքելությունը՝ բոլոր դերակատարների ջանքերը միավորելու և դիմակայուն մոլորակ կառուցելու մեր տեսլականը ձևավորելու գործում»: 

Նստաշրջանից հետո՝  Գլոբալ Պլատաֆորմի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էր նաև Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն, նախարար Դ. Տոնոյանը ՀՀ կառավարության անունից հանդես է եկել ազգային զեկույցով: 

Նախարարը ներկայացրել է Հայաստանի՝ աղետներին պատրաստվածության և արձագանքման ազգային կարողությունների զարգացումը՝ խոսելով ՀՀ Աղետների ռիսկի կառավարման ազգային նոր ռազմավարության, համայնքային զարգացման համար աղետների ռիսկի բազմաշերտ մոդելավորման մոտեցումների, կրթական համակարգի դիմակայունության բարձրացմանն ուղղված հանրակրթական դպրոցների ԱՌՆ պլանների մասին: 

Գլոբալ Պլատֆորմը սկսել է անցկացվել 2006 թվականից և համարվում է միջազգային շահառուների գլխավոր հավաքը՝ միտված նվազեցնել աղետների ռիսկերը և կառուցել դիմակայուն համայնքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am