Երևանյան բեսթսելեր 4/78. Պետեր Շտամի և Գի դը Մոպասանի գրքերը մեր ցանկում են
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը այս շաբաթ կրկին գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Շուտով գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվելու:
Ինչպես նախորդ շաբաթներին, այնպես էլ այս անգամ Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն երկրորդն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:
Երրորդ հորիզոնականում է հայտնվել ֆրանսիացի հանրահայտ գրող Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» գիրքը, որում ներառվել են նրա լավագույն գործերը: Մոպասանը Ֆրանսիայի առօրյա կյանքը նկարագրող բազմաթիվ պատմվածքների, վիպակների և վեպերի հեղինակ է։ Հայերեն են թարգմանվել և հրատարակվել նրա բազմաթիվ ստեղծագործություններ:
Իր դիրքերը բարելավել և չորրորդ տեղն է բարձրացել ամերիկյան գրականության դասական Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին», որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը: Գրքի հիման վրա նկարահանված կինոնկարը մեծ հաջողություն է ունեցել կինոարվեստում:
Հինգերորդ հորիզոնականում բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» լավատեսական շեշտադրմամբ հանրահայտ ու սիրված վեպն է: Այս ստեղծագործությունն այն բացառիկ գրքերից է, որը թարգմանվել է աշխարհի 67 լեզուներով և հրատարակվել 117 երկրում: Բրազիլիայում վեպը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վերադարձել է մեր ցանկ և զբաղեցրել վեցերորդ տեղը: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։
Մեր աղյուսակի պատվավոր յոթերորդ հորիզոնականն է զբաղեցրել Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:
Ութերորդ հորիզոնականում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակի՝ որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրամշակել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը՝ որպես 1966 թվականի լավագույն վեպ։
Իններորդ տեղում նոր գիրք է հայտնվել: Պետեր Շտամի «Ագնես» ստեղծագործությունը պատմում է սիրո մասին: Սովորական թվացող սիրավեպն անկանխատեսելի ընթացք է ստանում, երբ հեղինակը, այդպես էլ անհայտ մնալով ընթերցողին, սկսում է գրել իր և իր սիրուհու` Ագնեսի հանդիպման պատմությունը` հենց նրա խնդրանքով և հավանությամբ: Նրանք տարբեր կերպ են հիշում հանդիպումը: Ավելին, հասնելով ներկային, երկու զուգահեռ սիրավեպերը` գրվողն ու «իրականը», սկսում են հակասել իրար:
Արդյո՞ք պատմության ավարտը ճակատագրական պատասխան է Ագնեսի ներքին ու մթին հարցերին:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի թերեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06), «Զանգակ» (23-25-28) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | 0 |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 30 | |
2 | 0 |
Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» |
Անտարես | 20 | |
3 | Նոր |
Գի դը Մոպասան «Ընտիր նովելներ» |
Բուկինիստ | 15 | |
4 | +4 |
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին» |
Զանգակ | 9 | |
5 | -2 |
Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը» |
Անտարես | 6 | |
6 | * |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ Պրինտ | 6 | |
7 | * |
Ստեֆան Ցվայգ «Ընտիր նովելներ» |
Բուկինիստ | 6 | |
8 | * |
Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» |
Անտարես | 5 | |
9 | Նոր |
Պետեր Շտամ «Ագնես» |
Զանգակ | 5 | |
10 | * |
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» |
Էդիթ Պրինտ | 5 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում