Երևանյան բեսթսելեր 4/85. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը ամենավաճառվածների ցանկում է
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գիրքը խմբագրել է Դավիթ Գյուրջինյանը:
Երկրորդ հորիզոնականում 10-րդ դարի խոշորագույն բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է: Այն բանաստեղծի սրտի խոսքն է, աղոթքը, ներքին մենախոսությունը՝ ուղղված երկնային տիրոջը՝ բարձրյալին: Կազմված է ավելի քան 10 000 տողից: Պոեմի հատվածները լույս են տեսել դեռևս 1513 թվականին Վենետիկում: Ամբողջությամբ հրատարակվել է 1673 թվականին Մարսելում։
Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և երրորդ հորիզոնականը զբաղեցրել Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո: Գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք: Վիպակը լույս է տեսել Ռուզան Ազիզյանի թարգմանությամբ, խմբագիրն է Արմեն Սարգսյանը:
Մի քանի հորիզոնականով իր դիրքերը զիջել և չորրորդ տեղն է գրավել Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Խմբագրել է Հովհաննես Այվազյանը:
Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» այս շաբաթ հինգերորդն է: Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։ Խմբագրել է Արմինե Բոյաջյանը:
Ֆրանսիացի մեծագույն նովելիստ Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ»-ը բարելավել է իր դիրքերը և վեցերորդն է: Մոպասանի ստեղծագործությունների թեմաները` սեր, պատերազմ, բարոյականություն, սոցիալական անարդարություն, կապված են դարաշրջանի և իր անձնական կյանքի հետ: Նրա գրական ժառանգությունը համայն աշխարհի ընթերցասեր հասարակության չթուլացող հետաքրքրության առարկան է: Նովելներն ընտրել և խմբագրել է Հովհաննես Այվազյանը:
Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» բանաստեղծությունների ժողովածուն կրկին մեր ցանկում է և յոթերորդն է: Այն հեղինակի առաջին գիրքն է, որը կարճ ժամանակում դարձել է բեսթսելեր: Ժողովածուն սիրո և նվիրման յուրօրինակ ձոներգ է: Վեց հրատարակություն է ունեցել: Խմբագրել է Դավիթ Գյուրջինյանը:
Անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ ստեղծագործությունը վերադարձել է մեր ցանկ և ութերորդն է: Վեպը պատմում է նկարչի մասին, ով, ծանոթանալով Դորիան Գրեյի հետ, սիրում է նրան: Գրքում արծարծվում են բազմաթիվ հարցեր, որոնցից հիմնականն արվեստի, բարոյագիտության և գեղեցիկի փոխադարձ կապն է։ Թարգմանել է Ռիմա Խաչատրյանը, խմբագրել է Աշոտ Գաբրիելյանը:
Իններորդ տեղում նոր գիրք է: Դանիել Գլաթաուերի «Հավերժ քոնը» վեպը ժամանակակից ավստրիական գրականության ամենաընթերցվող գործերից է։ Երեսունը բոլորած լամպավաճառ Յուդիթի ու Հանեսի սերը ընթերցողին տարակուսանքի մեջ է գցում՝ սկզբում ռոմանտիկ ու շատ կրքոտ տպավորություն թողնելով, որի մասին կարող է երազել միայնակ կինը։ Սակայն անընդհատ ուշադրության ու անսպառ կրքի հետևում թաքնված են հիվանդագին ապրումներն ու նկրտումները։ Ծաղկեփնջերի ու հաղորդագրությունների հոսքը հոգեբանական ահաբեկության մեջ է գցում հերոսուհուն, սակայն Հանեսի սերն ու կիրքը արդեն նրա համար թակարդ էին, որից դուրս գալը հոգեբանական մեծ ճիգեր և ուժ է պահանջում: Թարգմանել է Լիանա Սաֆարյանը:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության: Տաղեր» գիրքը: Գրիգոր Նարեկացու հայտնությամբ հայ գեղարվեստական մտածողությունը մտնում է միանգամայն նոր փուլ: Նարեկացին «Մատյան ողբերգության. Տաղեր» գրքում իր աստվածային հավատը վերածում է խոսքի և գեղարվեստական հյուսվածքին հաղորդում հոգիների վրա ներգործելու տիրական ազդեցություն: Դա կենդանի խոսք է, որ թափանցում է մարդու հոգու խորքը և ապրեցնում նրան, իսկ եթե հիվանդ է՝ բուժում:
Նարեկացին այն ճշմարիտ հավատացյալներից մեկն է, ով դասվել է սրբերի շարքը և հավերժական փառք նվաճել իր աստվածային հանճարով:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | +1 |
Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» |
Անտարես | 22 | |
2 | * |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
ՄՀՄ Գրատուն | 14 | |
3 | * |
Ջոն Բոյն «Զոլավոր գիշերազգեստով տղան» |
Վերնատուն | 13 | |
4 | -3 |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 12 | |
5 | +1 |
Դավիթ Սամվելյան «Ռոդենի ձմեռը» |
Ասողիկ | 11 | |
6 | +3 |
Գի դը Մոպասան «Ընտիր նովելներ» |
Բուկինիստ | 11 | |
7 | * |
Էդգար Հարությունյան «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 10 | |
8 | * |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ Պրինտ | 8 | |
9 | Նոր |
Դանիել Գլաթաուեր «Հավերժ քոնը» |
Զանգակ | 5 | |
10 | Նոր |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության: Տաղեր» |
Զանգակ | 5 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում