Լիլիթ Գրիգորյան. Մեկ անգամ Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:
- Գուդ մորնինգ:
- Գուդ, Ռեզան ջան, հա՞վ ար յու:
- Ֆայն, թենքս:
Այսքանով, թերևս, սահմանափակվում է ծանոթությունն, ու հերթը հասնում թարգմանչին:
Ռեզանը ապրում է սահմանից այն կողմ: Առաջին անգամ տեսնում է հորիզոնի մյուս կողմն ու հիանում մարդկանց ջերմությամբ: Ասում է, որ մենք բարի ենք, հյուրասեր:
- Թենքս, Ռեզան ջան, թենքս:
Վերցնում է «կոմպոտոն» ու խմում: Ռեզանը բառարանից դուրս է գրել այն բառերը, որոնք հայերենում ու թուրքերենում նույնն են՝ մի փոքր արտասանության տարբերությամբ:
- Ուզում է ուսումնասիրել Արաքսի երկու ափերում ապրող ժողովուրդների կարծիքները, նրանց մտածելակերպն ու ընդհանրությունները,- բացատրում է թարգմանչուհին ու խինկալի հյուրասիրում:
- Ռեզան ջան, չիստի արմյանսկի բլյուդ, կե´ր,- որ լեզվով ու ինչ առոգանությամբ պատահի բացատրում եմ, իսկ Ռեզանը հասկանում է ամեն ինչ:
- Գու՜դ:
- Բա,՜ Ռեզան ջան, դարերի խորքից եկած հայկական խինկալի ես ուտում, գուդ պիտի լինի, բա ինչ:
Բոլորը ծիծաղում են, իսկ Ռեզանը միամտաբար հավատում է հայկական խինկալիի գոյությանը:
Ճաշն ավարտվում է, սոցիոլոգ Ռեզանի հարցազրույցների ժամանակն էր, նա պիտի սահմանում ապրող գյուղացիների հետ հանդիպեր ու զրուցեր: Գիտեի, որ հյուրիս հետ մի փոքր բարդ է լինելու, Թուրքիայից է եկել, խոսելու է հայ-թուրքական հարաբերություններից մի տարածաշրջանում, որտեղ բոլորը գաղթածների ժառանգներ են, և բոլորի գենետիկ հիշողության մեջ դեռևս ամուր է թուրքերի հանդեպ թշնամանքը:
Բայց Ռեզանն ուրիշ էր: Ամենապաթետիկ մարդուն էլ մեկ-երկու հարցից հետո կարողանում էր գրավել ու ուղորդել դեպի ընկերական ու անկեղծ զրույցը:
Թերևս Ռեզանի համար հայերի հետ այնքան դժվար չէր, որքան եզդի տատիկի հետ խոսելը:
- Չասես, որ քրդուհի եմ, - ասում է տատիկը թարգմանչուհու միջոցով,- հանկարծ կսկսի քրդերեն խոսել, իսկ ես այնքան էլ լավ չեմ տիրապետում մեր լեզվին, կամաչեմ:
Թուրքիայում քրդերենն արգելված է: Եվ, առհասարակ, Թուրքիայում ամեն ոչ թուրքականն է արգելված, և ստիպում են, որ մարդն իր սրտի լեզուն մոռանա դեռ օրորոցից:
Բայց Ռեզանը չդիմացավ: Եզդի տատիկն ու Ռեզանն իրար հասկացան անգամ կիսաքրդերեն: Հասկացան լուռ ու տխուր:
- Հը, Ռեզան, ո՞նց էր: Էլ ի՞նչ կուզես տեսնել:
- Չեմ հավատում, որ սահմանից այս կողմ եմ, ու չեմ հավատում, որ մոտ եմ իմ ծննդավայրին մի քանի անգամ, քան մինչ այստեղ գալն անցած ճանապարհն էր: Ուզում եմ Արաքսը տեսնել:
- Արաքսը հատուկ պահպանվող տարածքում է, իսկ մոտենալն արգելված է:
- Գիտեմ:
Իմ առջև կանգնած էր ամրակազմ մի տղամարդ, որի հայացքն ասում էր. «Բալիկ ջան, ի՞նչ ես ուզում իմ խաղաղ կյանքից»:
- Գիտեք, ես մի հյուր ունեմ, արտերկրից, հիմա եկել է մեր գյուղ, հիացած է մեզանով: Բայց ես ինձ չեմ ների, եթե մեր հյուրը չտեսնի գյուղի ամենակարևոր զարդը՝ Արաքս գետը:
- Բայց չի կարելի: Արաքսին մոտենալ չի թույլատրվում:
- Գիտեմ:
- Էս փողոցով ուղիղ բարձրացեք, ձախ ու կտեսնեք:
Թուրքիայի հսկայական դրոշը ծածկում էր թուրք սահմանապահների կայանը: Ռեզանի աչքերը վառվում էին զարմանքից:
Տարածքում մենք էինք, հսկա ավազուտն ու Թուրքիայի զինակայանը:
- Վե՞ր իզ դը Արաքս:
- Իթս սամըր, նաու յու քեն օնլի սի դը Արաքս սենդ. վո՞թս վրոնգ վիթ դեաթ:
Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:
Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:
«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում