Երևանյան բեսթսելեր 4/97. «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ամենավաճառվածներից է
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը նորից գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Այս հրատարակության համար հիմք է ծառայել 1983-ին՝ Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ լույս տեսած երկհատորյակը: Կազմել և խմբագրել է Աշոտ Գաբրիելյանը:
Մեր ցանկ է վերադարձել և երկրորդ հորիզոնականը զբաղեցրել գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունը: Գրողը ներկայացնում է` ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին: Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:
Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը կրկին երրորդն է: Ստեղծագործությունում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:
Իր դիրքերը զիջել և չորրորդ հորիզոնականում է հայտնվել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:
Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը հինգերորդն է: Այն պատմություն է պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար: Գիրքը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Գերմաներենից թարգմանել է Վանուհի Բաղմանյանը, խմբագրել է Լուսինե Համբարյանը:
Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը մի քանի հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և վեցերորդն է: Ժողովածուն ընդգրկում է նշանավոր գրողի մի շարք լավագույն նորավեպեր` Արա Առաքելյանի և Մարգարիտ Առաքելյանի թարգմանությամբ: Երկերի սյուժեի բանաստեղծական խորհրդատվություն, դրամատիկ կառուցվածք, կերպարների ամբողջականություն, բնավորությունների հոգեբանական խոր վերլուծություն, հյութեղ լեզու. այս ամենի և այլ արժանիքների շնորհիվ Ստեֆան Ցվայգը դարձել է ամենապահանջված հեղինակներից մեկը: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:
Երեք հորիզոնականով վեր է բարձրացել Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործությունը` գրավելով յոթերորդ տեղը: Հեղինակի 1949 թվականին հրատարակված հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988-ին: Տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառաբանություններով: Հայերեն լույս է տեսել առաջին անգամ: Անգլերենից թարգմանել է Աստղիկ Աթաբեկյանը, խմբագրել՝ Ներսես Աթաբեկյանը:
Երկարատև բացակայությունից հետո մեր ցանկ է վերադարձել և ութերորդ հորիզոնականում հայտնվել Օսկար Ուայլդի հանրահայտ «Դորիան Գրեյի դիմանկարը» առեղծվածային ստեղծագործությունը: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։ Անգլերենից թարգմանել է Ռիմա Խաչատրյանը, խմբագրել Աշոտ Գաբրիելյանը:
Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքը իններորդն է: Այս խորաթափանց, համարձակ, հանդուգն և սուր գիրքը Ջոն Գրինի թերևս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: Թարգմանել է Ալինա Միրզոյանը, խմբագիրն է Հովիկ Վարդումյանը:
Մեր ցանկն այս շաբաթ եզրափակում է բրազիլացի հանրահայտ գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Գիրքը թարգմանել է Աննա Մարությանը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | 0 |
Վարդգես Պետրոսյան «Ապրած և չապրած տարիներ» |
Դարակ | 56 | |
2 | * |
Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» |
Անտարես | 40 | |
3 | 0 |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 26 | |
4 | -2 |
Էդգար Հարությունյան «Չգտնվախ երիցուկներ» |
Անտարես | 18 | |
5 | -1 |
Էրիխ Մարիա Ռեմարկ «Երեք ընկեր» |
Էդիթ Պրինտ | 17 | |
6 | +3 |
Ստեֆան Ցվայգ «Ընտիր նովելներ» |
Բուկինիստ | 12 | |
7 | +3 |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 11 | |
8 | * |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ Պրինտ | 11 | |
9 | * |
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» |
Էդիթ Պրինտ | 10 | |
10 | -5 |
Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը» |
Անտարես | 9 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում