Երևանյան բեսթսելեր 5/2. «Երեք ընկեր», «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» գրքերն ամենավաճառվածների աղյուսակում են
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:
Երկրորդ տեղն է զբաղեցրել Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը: Ստեղծագործությունում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայկական է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Հերոսն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:
Մի քանի հորիզոնականով վեր է բարձրացել և երրորդ տեղը գրավել Էդգար Կոստանդյանի «Սովորական երկիր»-ը: Այն պատմություն է սովորական երկրի մասին, որտեղ բոլոր կարևոր հարցերը որոշվում են շոգեբաղնիքում: Նարեի սովորական կյանքի, Ժանեթի սովորական ողբերգության, հացադուլ անող Սայլակավորի և սովորական մեկի՝ «վերևների» կարգադրությամբ աշխատանքից հեռացված ժուռնալիստ Ավոյի մասին է այս գիրքը:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը չորրորդն է: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներ, մտորումներ, բանաստեղծություններ, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է։
Մեր աղյուսակ է վերադարձել և հինգերորդ հորիզոնականը զբաղեցրել Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը: Այն պատմություն է պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթ ֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար: Գիրքը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Գերմաներենից թարգմանել է Վանուհի Բաղմանյանը, խմբագրել է Լուսինե Համբարյանը:
Գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունը վեցերորդն է: Գրողը ներկայացնում է, թե ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից սննդի աղբյուր տանող ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին: Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:
Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքը յոթերորդ տեղում է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: Անգլերենից թարգմանել է Ալինա Միրզոյանը, խմբագրել Հովիկ Վարդումյանը:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» գիրքը կրկին մեր աղյուսակում է և գրավել է ութերորդ հորիզոնականը: Պատմելու արվեստի անգերազանցելի վարպետ Գարսիա Մարկեսի այս վեպը, որը «մոգական ռեալիզմի» կատարյալ դրսևորում է համարվել և «խոսքի գոթական տաճար» որակվել, XX դարի ամենաընթերցված և ամենաշատ թարգմանված գործն է: Այն շարունակում է այդպիսին մնալ նաև XXI դարում: Երևակայական Մակոնդո քաղաքը հիմնադրած Բուենդիաների տոհմի վեց սերնդի հարյուրամյա կյանքի պատմությամբ հեղինակն ամփոփ ներկայացնում է XIX դարի և XX դարի սկզբի Կոլումբիայի պատմությունը: Իսպաներենից թարգմանել է Կառա Չոբանյանը, խմբագրել Զավեն Բոյաջյանը:
Իններորդ տեղում է Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը»-ը: Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «ցուրտ ու մութ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։ Խմբագրել է Արմինե Բոյաջյանը:
Ամենավաճառվածների ցանկն այս շաբաթ եզրափակում է Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին:
Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Գիրքը բնագրից թարգմանել է Լուսինե Հարոյանը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | +1 | Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» | Անտարես | 40 | |
2 | -1 | Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» | Բուկինիստ | 30 | |
3 | +5 | Էդգար Կոստանդյան «Սովորական երկիր» | Հեղինակային հրատ. | 29 | |
4 | Արմեն Նիազյան «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» | Հեղինակային հրատ. | 18 | ||
5 | * | Էրիխ Մարիա Ռեմարկ «Երեք ընկեր» | Էդիթ Պրինտ | 15 | |
6 | * | Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» | Անտարես | 15 | |
7 | * | Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» | Էդիթ Պրինտ | 15 | |
8 | * | Գաբրիել Գարսիա Մարկես «Հարյուր տարվա մենություն» | Անտարես | 14 | |
9 | -4 | Դավիթ Սամվելյան «Ռոդենի ձմեռը» | Ասողիկ | 13 | |
10 | -1 | Ռեյ Բրեդբըրի «Ֆարենհայթ 451» | Զանգակ | 12 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում