Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Փոքր բիզնեսի ամայացած դաշտն աշխուժացնելու կարիք կա. տնտեսագետը կարևորում է ՀՀ կառավարության հարկային լուծումները

Փոքր բիզնեսի ամայացած դաշտն աշխուժացնելու կարիք կա. տնտեսագետը կարևորում 
է ՀՀ կառավարության հարկային լուծումները

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոքր բիզնեսին հարկային արտոնություններ տալն օդ ու ջրի պես անհրաժեշտ է Հայաստանի տնտեսությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության նախաձեռնած «Հարկային օրենսգրքի» փոփոխություններին, ըստ որոնց նախատեսվում է տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերություններն ազատել հարկերից:

«Տնտեսական համակարգը շարունակաբար խոշոր բիզնեսի ճնշման ներքո է եղել, շարունակաբար տեղի է ունեցել բևեռացում, փոքր բիզնեսի դաշտը, կարելի է ասել, ամայացել է: Այս փուլում այդ ոլորտը կայացման խնդիր ունի: Խնդիրը ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական է ու քաղաքական: Այդ նախաձեռնությունը կապված է փոքր և միջին բիզնեսը զարգացնելու, ինչպես նաև դրա հիման վրա միջին խավը, որպես գերակշիռ մեծամասնություն, ձևավորելու գերխնդրի հետ»,- ասաց Ատոմ Մարգարյանը:

Տնտեսագետի կարծիքով, փոքր բիզնեսին հարկերից ազատելու արտոնությունը վաղուց պետք է իրականացվեր: Այս փոփոխության շնորհիվ մարդկանց այն շերտը, որը նախաձեռնողական է, որը ձեռներեցության ջիղ ունի, կսկսի աշխատել, եթե գործ դնելու պայմանները բարենպաստ են, հարկերը մեղմ են, ֆինանսական, հատկապես վարկային ռեսուրսները մատչելի են, շուկան մրցակցային է, չկան շուկա մուտք գործելու վարչական ու կրիմինալ խոչընդոտներ:

«Նման դեպքում մարդիկ իրենք են գնում աշխատատեղերի ստեղծման: Նման նախաձեռնությունը կարող է բարենպաստ լինել այն բիզնեսների համար, որոնք ձևավորվում են բարձր տեխնոլոգիական հենքի վրա, օրինակ, կա նոր գյուտ, մշակվել է նոր մոդել, առկա է նորամուծություն, որոնք կարող են ներդրվել: Փորք բիզնեսի համար առաջարկվող այս հարկային լուծումները կարող են լինել խիստ բարենպաստ ու շահեկան»,-ասաց Ատոմ Մարգարյանը:

Տնտեսագետի խոսքով, սոցիալական իմաստով նման նախաձեռնության առավելությունն այն է, որ մարդիկ իրենք իրենցով ստեղծում են աշխատատեղեր, դառնում են հարկատու, և վաղը, մյուս օրը կարող են բազմապատկել պետական բյուջեի եկամուտները:

Խոսելով կառավարության առաջարկած հարկային արտոնությունների հնարավոր ռիսկերից՝ Ատոմ Մարգարյանը նշեց, որ դրանք կան, նախկինում էլ եղել են՝ հատկապես կապված առևտրի ոլորտի հետ:

«Տեսանք, երբ նախկինում ինչպես էր խոշոր բիզնեսի սեփականատերը մասերի  բաժանել իր ընդհանուր գործը: Նման օրինակներ կային որոշ խոշոր սուպերմարկետների դեպքում: Այնպես որ, կարելի է ասել, որ առևտրի ոլորտն այս տեսանկյունից իսկապես ռիսկային է: Նույնպիսին կարող են լինել խաղաբիզնեսը, զվարճանքի ինդուստրիան: Հետևաբար, կարծում եմ, որ այս հարկային արտոնությունը տալու ժամանակ պետք է տարբերակված մոտեցում լինի: Առավելությունը պետք է տալ արտադրական ոլորտին, հակառակ դեպքում, եթե եղավ համահավասար մոտեցում, ապա վերահսկողության լուրջ խնդիր կլինի»,-հավելեց տնտեսագետը:

ՀՀ կառավարությունը նախատեսում է կատարել «Հարկային օրենսգրքի» փոփոխություններ, որպեսզի մինչև 24 մլն տարեկան շրջանառություն ունեցող ինքնազբաղվածները, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները հարկ չվճարեն: Պետությունը միայն հսկողություն կսահմանի հսկիչ դրամարկղների նկատմամբ, որպեսզի հստակ լինի տարեկան շրջանառությունը: Պատասխանատուները պարզաբանում են, որ նրանց կողմից վճարվող հարկերն ավելի քիչ են, քան վարչարարության արժեքը, որը պետությունը ծախսում է նրանց հաշվառումն անելիս:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am