Կստեղծվի արմենպրեսական վետերանների ակումբ. «Արմենպրես»-ը հյուրընկալել էր գործակալության երկարամյա աշխատակիցներին
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ը հյուրընկալել էր գործակալությունում երկարամյա գործունեություն ծավալած իր աշխատակիցներին: Գործակալության տնօրեն Արամ Անանյանի հետ հանդիպմանը ներկա էին «Արմենպրես»-ում երկար տարիներ աշխատած Նորա Մելիքյանը, Անուշ Գասպարյանը, Աստղիկ Ներսիսյանը, Բելլա Ավետիսյանը: Նրանց միացան նաև ներկա աշխատակիցներից Լևոն Ազրոյանը, Լևոն Տիտանյանը, Աիդա Զաքոյանը:
Հանդիպմանը ներկայացվել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության վերջին տարիներին իրականացրած փոփոխությունները, ձեռքբերումները: Անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին:
«Արմենպրես»-ի վետերանները նշեցին, որ, թեեւ վերջին շրջանում լրատվական մրցադաշտն ընդլայնվել է, սակայն գործակալությունը շարունակում է մնալ առաջատար դիրքերում:
Մասնակիցների կողմից որոշվեց ստեղծել «Արմենպրես» վետերանների ակումբ, որի նախագահությունը կստանձնի Նորա Մելիքյանը, գլխավոր քարտուղարի պարտականությունները՝ Լևոն Ազրոյանը: Որոշում կայացվեց նման հանդիպումները դարձնել շարունակական:
«Արմենպրես»-ը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: «Արմենպրես»-ի թիմը պահպանում է գործակալության առաջատար դերը հայաստանյան լրատվադաշտում և ամուր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ գործակալության ներկայությունն ապահովելու և զարգացնելու առումով: Գործակալությունն ակտիվորեն լուսաբանել, հանրահռչակել և միջազգային առաջատար լրատվամիջոցներում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր իրադարձությունները, հակահարված է տվել ադրբեջանական քարոզչությանը, եղել և մնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, թուրքական մերժողականության բացահայտման առաջատար դիրքերում։
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100-ամյակի առթիվ նախատեսված են մի շարք միջոցառումներ: Օրերս շրջանառության մեջ դրվեց նոր նամականիշ՝ նվիրված «Արմենպրես» լրատվական գործակալության 100-ամյակին:
ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։
ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում