«Շտապ օգնության» ուղղաթիռների շնորհանդեսը նախատեսվում է ապրիլի 6-ին. նախարար
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ եղանակային պայմանների բարենպաստ լինելու դեպքում ապրիլի 6-ին տեղի կունենա սանիտարական ավիացիայի ծառայության շնորհանդեսը «Էյրբաս» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Մոտենում ենք վերջնագծին կամ, ավելի ճիշտ, այս կարևոր նախաձեռնության մեկնարկին։ Մանրամասների մասին հավելյալ կտեղեկացնենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել է Թորոսյանը։
Դեռ փետրվարին առողջապահության նախարարը հայտարարել էր, որ Հայաստանում կներդրվի սանիտարական ավիացիայի ծառայություն: «Armenian Helicopters LLC-ն «Էյրբաս» ընկերությունից ընդունել է ուղղաթիռը, որով Հայաստանում կներդրվեն սանիտարական ավիացիայի ծառայություններ»,-գրել էր Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում։
Մարտի 2-ին նախարար Թորոսյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է «Շտապ օգնության» ուղղաթիռով կազմակերպվում պայմանական հիվանդի տարհանումը Դիլիջանից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում