Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Սա միգրացիոն ոլորտի ամենամասշտաբային փոփոխությունն է. ՄԾ պետը մանրամասնել է ՆԳՆ ստեղծման նախագիծը

Սա միգրացիոն ոլորտի ամենամասշտաբային փոփոխությունն է. ՄԾ 
պետը մանրամասնել է ՆԳՆ ստեղծման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարարություն ստեղծելու փաթեթի մշակման աշխատանքները մոտենում են իրենց ավարտին, որի համաձայն` նախարարության կազմում են լինելու Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունն ու Միգրացիոն ծառայությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը վերակազմակերպումը արդյունավետ համարեց:

«Ներքին գործերի նախարարության փաթեթի նախագծման ամենասկզբից ևեթ Միգրացիոն ծառայությունը ներգրավված է եղել աշխատանքներում: Հիմնական խնդիրները, որ մենք առաջ էինք քաշել՝ քաղաքականության մշակման և իրականացման, տարանջատման հետ կապված հարցերը, գործառույթային շղթայի ամբողջականացման, տարբեր գերատեսչություններում միգրացիոն գործառույթների բաշխվածության, վերանայման հետ կապված խնդիրները հիմնականում իրենց արձագանքն ու անդրադարձը գտել են փաթեթում»,-ասաց նա, հավելելով, որ փաթեթը ներկայումս լրամշակման փուլում է, առաջիկայում կներկայացվի ինչպես հանրային քննարկմանը, այնպես էլ խորհրդարանի հաստատմանը:

Արմեն Ղազարյանը նշեց, որ  Հայաստանում  ոչ ստանդարտ իրավիճակ է` կապված միգրացիայի կառավարման հետ և միգրացիոն քաղաքականության մշակույթը, որպես գործառույթ, օրենսդրական մակարդակում ներկայումս վերապահված չէ որևէ նախարարության:

«Միգրացիոն ոլորտի քաղաքականության ռազմավարական փաստաթղթերը ներկայումս մշակվում են Միգրացիոն ծառայության կողմից, ինչն իրականում ճիշտ չէ, քանի որ Միգրացիոն ծառայությունը նախարարությանը ենթակա մարմին է, որը պետք է իրականացնի մշակած քաղաքականությունը և մասնակցի քաղաքականության մշակմանը, այլ ոչ մշակի քաղաքականությունը: Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ այս խնդիրը լուծվում է: Միգրացիոն քաղաքականության մշակումը վերապահվում է ՆԳՆ-ին, իսկ իրականացումը` Միգրացիոն ծառայությանը ծառայությանը»,-նշեց նա:

Անդրադառնալով գործառույթին՝ Միգրացիոն ծառայության պետն ասաց, որ միգրացիայի ոլորտին առնչվող գործառույթները սփռված են ամբողջ պետական համակարգով, իսկ ապակենտրոնացված կառավարումն այս ոլորտում արդյունավետ չէ:

«Մի շարք գործառույթներ ոլորտի կառավարման մասով իրականացվում են Միգրացիոն ծառայության կողմից, որոշներն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մյուսները`  Ոստիկանության կողմից, և շատ հաճախ խնդիրներ են առաջանում փոխգործակցության առումով, ծառայության մատուցման ժամանակի ձգձգման առումով, տվյալների բազաների համադրելիության առումով: Այս խնդիրները լուծվում են կառուցվածքային փոփոխության արդյունքում, որը ֆունկցիոնալ վերլուծության վրա հիմնված ռեֆորմ է»,-նշեց նա:

Ղազարյանը շեշտեց՝ այն ծառայությունները, որոնք առնչվում են սոցիալական պաշտպանությանը և սոցիալական աջակցությանն, ավանդաբար իրականացրել է  Միգրացիայի ծառայությունը և դրանք ավանդույթի ուժով պահպանվել են ծառայությունում:

«Օրինակ, մենք հիմա իրականացնում ենք Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց բնակարանային ապահովության հարցը, բայց դրանք միգրացիոն խնդիրներ չեն և այն կարողությունը, որն անհրաժեշտ է նման ծառայություն մատուցելու համար, Միգրացիոն ծառայությունում առկա չէ: Մենք մեր եղած ռեսուրսներով հաջողությամբ իրականացնում ենք, բաց սա պետք է փոխանցվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Օտարերկրացիների, փախստականների, վերադարձող քաղաքացիների ինտեգրման գործառույթն ինքնին սոցիալական գործառույթ է, որովհետև դրա բաղկացուցիչ մասը սոցիալական աջակցությունն է, կարիքի գնահատումն է, որոնք պետք է իրականացնի սոցիալական ծառայությունը»,-ընդգծեց Ղազարյանը:

Անդրադառնալով մարտահրավերներին՝ Միգրացիոն ծառայության պետն ասաց, որ մարտահրավերները բազում են, քանի որ սա միգրացիոն ոլորտի ամենամասշտաբային կառուցվածքային փոփոխությունն է անկախության տարիներին, և չեն կարող նման փոփոխությունները չուղեկցվել մարտահրավերներով:

«Առաջինը դա նոր իրավիճակին ադապտացիան է, քանի որ մենք բոլորովին նոր խնդիրներ ենք դնում ծառայությունների առաջ: Դա առաջին հերթին ծառայության որակի բարձրացումն է: Երկրորդ մեծ մարտահրավերն այն է, որ մենք նախապատրաստում և իրականացնելու ենք մասշտաբային թվայնացման  գործընթացներ, որն ուղեկցվում է ինչպես աշխատակազմի վերապատրաստման անհրաժեշտությամբ, այնպես էլ քաղաքացիների շրջանում իրազեկվածության բարձրացմամբ: Շատ հաճախ մենք տեսնում ենք դեպքեր, երբ պետությունը որոշակի ծառայություններ թվայնացնում է, բայց քաղաքացիները տեղյակ չեն, երբեմն էլ՝ չունեն այն կարողությունները, որպեսզի օգտվեն այդ ծառայությունից»,- հավելեց Ղազարյանը:

Նա նշեց, որ աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրումն արդեն իսկ  թվայնացվել է, առաջիկայում էլ հանրությանը և Հայաստան եկող օտարերկրացիներին կիրազեկեն փոփոխությունների մասով:

Հեղինակ` Անի Դանիելյան

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am