Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

«Անորսալիներին» երկնած երախտավորը…

«Անորսալիներին» երկնած երախտավորը…

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անորսալի վրիժառուները». կա՞ մեզանում արդյոք որեւէ մեկը, որին ծանոթ ու հարազատ չլինի խորհրդային ժամանակներից առ այսօր անձանձրույթ դիտվող արկածային այս կինոնկարը: Կա՞ «Տղամարդիկ»-ից «երես թեքող» որեւէ հայ մարդ, կամ թե «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմից: Կլինեն, անշուշտ, քանզի այսօր հեռուստաէկրաններից հեղեղի նման թափվում են էժանագին սերիալներ՝ զուրկ ազգային նրբերանգներից, ռեժիսորական  ճաշակից, դերասանական առինքնող խաղից, սյուժեից ու էլի շատ բաներից, որոնցով արժեւորվում է բարձրարվեստ կինոն: Իսկ հայկական կինոարվեստն ունեցել է իր դասականներին՝ սկսած Համո Բեկնազարյանից, Ներսես Հովհաննիսյանից, Հենրիկ Մալյանից, Ֆրունզե Դովլաթյանից: Շատ են նրանք, որոնցից մեկն է վերոնշյալ ֆիլմերը նկարահանած Էդմոնդ  Քեոսայանը՝ նախկին միությունում արկածային ֆիլմերի նախակարապետներից մեկը…

1937 թ. Լենինականում ձերբակալում են Գարեգին Քեոսայանին՝ դատապարտելով մահվան: Ստալինյան մարդակերության դարաշրջանի «արդարադատությունը» «մարդասիրություն» ցուցաբերելով՝ ցարական նախկին սպային, որին հենց այդ մեղադրանքով էին «վերցրել», հնարավորություն է տալիս վերջին անգամ տեսակցել հարազատների հետ: Կինը հրաժեշտի է գալիս երեք երեխաների, այդ թվում՝ նաեւ վեց ամսական Էդմոնդի հետ: Հայրը, գրկելով ամենափոքրին, ասում է. «Այս երեխան հեռու կգնա, մեր ազգանունը կհռչակվի, եւ դա կլինի կենդանի պատասխանը այն սրիկաներին, ովքեր մեզ բաժանեցին…»: Սպայի գնդակահարությունից հետո նրա ընտանիքն աքսորվում է Ալթայի Վոզնեսենկա գյուղ: Հայաստան նրանք վերադառնալու էին երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո:

Լենինականում է ծնվել Էդմոնդ Քեոսայանը, սովորել է Մոսկվայի տնտեսագիտական, ապա՝ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտներում, միաժամանակ աշխատել Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած պետական էստրադային նվագախմբում՝ որպես համերգավար: Սակայն կինոարվեստի հանդեպ սերը նրան կրկին տանում է Մոսկվա, որտեղ ավարտում է մայրաքաղաքի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: Եվ ուսումնառության տարիներին էլ նկարահանում է իր առաջին՝ «Սանդուղք» հեռուստաֆիլմը, որն արժանանում է Մոնտե Կառլոյի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին: Նրա հերթական՝ «Երեք ժամ ճանապարհին» կարճամետրաժը՝ ստեղծված 1963-ին, եւս արժանանում է մրցանակի՝ այս անգամ Կաննի միջազգային կինոփառատոնում: Այնուհետեւ «Մոսֆիլմում» նկարահանելու էր եւս երեք ուշագրավ ֆիլմ՝ «Որտե՞ղ ես այժմ, Մաքսիմ», «Խոհարարուհին» եւ մեզ այնքան հարազատ ու հայաշունչ «Երբ գալիս է սեպտեմբերը»՝ մեծն Արմեն Ջիգարխանյանի «թալիսմանությամբ»: Այո, մեծանուն դերասանը շահեկանորեն այս բառով էր բնութագրվելու՝ ելնելով իր գլխավոր դերակատարումներով Քեոսայանի «Հուսո աստղ» եւ «Տղամարդիկ» ֆիլմերին բերած մեծ հաջողություններից:

Անվանի կինոռեժիսորին, սակայն, մեծ ճանաչման ու համբավի էր արժանացնելու Պավել Բլյախինի «Կարմիր սատանի ճտեր» վիպակի հիման վրա էկրանավորած «Անորսալի վրիժառուներ» արկածային ֆիլմը: Այն դառնալու էր 1960-ականների ռուսական կինոյի ամենանշանավոր իրադարձություններից, որով սկզբնավորվել էր «Անորսալիների նոր արկածները» (երկուսն էլ՝ ՀամԼԿԵՄ մրցանակ, 1968 թ.), «Ռուսական կայսրության թագը կամ Նորից անորսալիները» ֆիլմաշարը: Ցնցող երեւույթ՝ 54.5 միլիոն տոմսի վաճառք, երիտասարդ դերասանների՝ կայծակնային արագությամբ ճանաչվածություն ու հայազգի կինոգործչի աննախադեպ համբավ: Ֆիլմ, որը զերծ էր լենինյան ձանձրալի գաղափարախոսության փառաբանումներից, գաղափարական պարտադրանքից ու կարմիր զսպաշապիկից: Հայտնի շատ ռեժիսորներ նախանձելու էին «Անորսալիներն» ստեղծողին…

Քեոսայանի «Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը» կինոնկարը նվիրված է հակաֆաշիստական դիմադրության հերոսներին, «Համբարձումը»՝ ստալինյան բռնությունների զոհերին: Բայց միայն այս ֆիլմերով չէ, որ ամբողջանալու էր տաղանդավոր արվեստագետի ստեղծագործական դիմանկարը. «Հայֆիլմի» պատմության  էջերում եւս «դաջվելու» էր նրա ինքնատիպ ձեռագիրը՝ «Տղամարդիկ», «Մոռացված հեքիաթների կիրճը», «Հուսո աստղ», «Լեգենդ ծաղրածուի մասին»  կինոէկրանավորումներով: Նշենք, որ խորհրդային կինոյի նորարարը նաեւ դերասան էր ու սցենարիստ. իր նկարահանած լավագույն ֆիլմերը՝ «Անորսալիներ…», «Տղամարդիկ», «Երբ գալիս է սեպտեմբերը», նաեւ մյուս  կինոնկարները կյանք են առել հենց իր գրած սցենարներով:

Հիշենք նաեւ, Գյումրիում ծնված Էդմոնդ Քեոսայանը, ապրելով ռուսաց մայրաքաղաքում, անքակտելի թելերով էր կապված հայրենիքին ու հայրենի հողին: Թերեւս, քչերը կարողանային թողնել մոսկովյան շքեղ միջավայրը, գալ ու հաստատվել «խուլ» ու «կորած» մի գյուղում՝ Ուշի անունով: Ու հետո տնտեսություն ստեղծել, այգի դնել ու ծառեր մշակել, համբուրել այդ ծառերը՝ զավակի նման… 

Հակոբ  ՍՐԱՊՅԱՆ

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am