Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև

Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և 
իրավապահների միջև

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի պատճառով Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև անցկացված բազմահազարանոց բողոքի ակցիայի ընթացքում ապրիլի 28-ին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ցույցի մասնակիցները խորհրդարանից պահանջել են հրաժարվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումից, որն, ըստ ընդդիմության, կրկնում է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքը։

Ընդդիմադիր կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները հանրահավաք են հայտարարել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է ապրիլի 29-ին ակցիա անցկացնել՝ ի պաշտպանություն օրինագծի։

Ըստ AFP գործակալության հաշվարկների՝ ակցիային մասնակցել է մոտ 20 000 մարդ։

Խորհրդարանի շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ են տեղակայվել։ Իրավիճակը սրվել է, երբ մի քանի ցուցարարներ փորձել են ճեղքել ոստիկանների շղթան։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ցուցարարներն անտեսել են իրավապահների բազմաթիվ կոչերը, և կարգ ու կանոնը վերականգնելու համար ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ։

Ավելի ուշ ակցիան ավարտվել է, ցուցարարները ցրվել են։

Ապրիլի 28-ին խորհրդարանում տեղի է ունենալու օրինագծի երկրորդ ընթերցումը, որի ընթացքում գործելու է «անվտանգության դեղին մակարդակ», այսինքն՝ այցելուների մուտքը սահմանափակվելու է։ Խորհրդարանը դա բացատրում է աշխատանքային և անվտանգ մթնոլորտ ապահովելու անհրաժեշտությամբ։

Վրաստանի իշխող կուսակցությունն արդեն երկրորդ անգամ է խորհրդարան ներկայացնում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը․ 2023 թ․ մարտին կուսակցությունը ստիպված էր հետ կանչել այն զանգվածային ցույցերից հետո։

Օրինագիծը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am