Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ի՞նչ արդյունքներ են գրանցվել Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպմանը. մեկնաբանում է քաղաքագետը

Ի՞նչ արդյունքներ են գրանցվել Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել 
եռակողմ  հանդիպմանը. մեկնաբանում է քաղաքագետը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելում մայիսի 14-ին կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ  հանդիպման գլխավոր արդյունքը Նախիջևանի հետ և այդ հատվածով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցում համաձայնությունն է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ ներկայացնելով եռակողմ հանդիպման տեղաշարժերը։

«Այդ հանդիպման գլխավոր արդյունքը երկաթգծի վերագործարկման վերաբերյալ համաձայնությունն է, որի մասին նշված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ։ Այն շատ նման է 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում ձեռքբերված համաձայնությանը, որտեղ նշվում էր, որ երկաթգիծը պետք է աշխատի փոխադարձության ու սուվերենության սկզբունքների հիման վրա։ Այս հայտարարության մեջ կա շեշտադրում, որ երկաթգիծն անցնում է Նախիջևանի միջով և կարելի է ենթադրել, որ Հայաստանը ևս օգտագործելու է այն։ Նաև կա Համաշխարհային մաքսային կազմակերպության վերաբերյալ հիշատակումը և այս շեշտադրումը արդեն սուվերենության հարգանքի վրա է հիմնված»,- ասաց Գրիգորյանը։

Ըստ քաղաքագետի՝ ամենաաղմկահարույց կետը կապված է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հետ։ Այս անգամ Շառլ Միշելը հստակ նշել էր երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը( 86 600 քառակուսի կիլոմետրը Խորհրդային Ադրբեջանի տարածքն է, որի մեջ մտնում էր նաև Լեռնային Ղարաբաղը-խմբ.)։
«Իրականում այս համաձայնությունը ձեռք է բերվել դեռևս 2022 թվականի հոկտեմբերին՝ Պրահայում։ Պարզ է, այն ժամանակ թվեր չկային, բայց գործընթացին հետևող մարդիկ հասկանում էին՝ հենց դա էր նկատի առվում։ Այդ առումով ինչքան էլ պարադոքսալ թվա, հայկական կողմն է հենց պնդել, որպեսզի հստակ թվերը նշվեն։ Հիշեցնեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ շարունակ խոսում էր այն մասին, որ եթե Ադրբեջանը պատրաստ լինի ճանաչել Հայաստանի Հանրապետության 29,800 քառակուսի կիլոմետր տարածքը, ապա Հայաստանը ևս պատրաստ է ճանաչել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը։

Վերջին շրջանում Ադրբեջանը հրաժարվում էր նաև ընդունել Խորհրդային Միության ուշ շրջանի քարտեզներով դելիմիտացիա իրականացնելու հայկական կողմի և միջնորդների առաջարկը։ Ենթադրվում է, որ հայկական կողմի ակնկալիքն այն է, որ այս հանդիպումից հետո, այնուամենայնիվ, այս հարցի շուրջ համաձայնություն կա, բայց այստեղ ևս իրավիճակը այնքան էլ լավատեսական չէ։ Դժվար եմ պատկերացնում, թե ինչպես է Ադրբեջանը համաձայնելու իր զորքերը հետ քաշել Հայաստանի սուվերեն տարածքից։ Խոսքը այն տարածքների մասին է, որոնք օկուպացրել էին 2021 թվականից սկսած»,- նշեց Գրիգորյանը։

Քաղաքագետը նշեց, որ Բրյուսելում եռակողմ հանդիպման ամենադրական և ամենաշոշափելի արդյունքը կլինի, եթե կատարվի գերիների հարցով պայմանավորվածությունը։

Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցին, ապա, քաղաքագետի կարծիքով, հայտարարության մեջ օգտագործվել է շատ զգուշավոր բառապաշար։

«Չեմ կարծում, որ այս հարցում առաջընթաց կա։ Սա առանցքային խնդիր է և մինչև այս հարցի շուրջ պայմանավորվածություն չլինի, պետք չէ ակնկալել որևէ փաստաթղթի ստորագրում։

Այստեղ տեսնում ենք, որ օրինակ՝ Եվրամիությունը, որը վերջին շրջանում անընդհատ քննադատվում էր, որ ընդունել է Ադրբեջանի բառապաշարը և չի օգտագործում  «Լեռնային Ղարաբաղ», այլ օգտագործում է «Ղարաբաղ» ձևակերպումը, կարծես թե գտել է ինչ-որ կոմպրոմիսային լուծում և այդ հատվածում նշվում է «Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի ապրող հայեր» ձևակերպումը, որը տեխնիկական առումով չի հակասում կողմերից մեկի դիրքորոշումներին։

Ինչ վերաբերվում է միջազգային մեխանիզմների ներդրման հարցին, ապա այստեղ որոշակի դրական տեղաշարժ կա։ Այն, որ նշվում է, որ անվտանգությունը և իրավունքները պետք է ապահովվեն միջազգային հանրության հետ համագործակցությամբ, իհարկե, բավարար չէ` այստեղ խոսքը միջազգային մեխանիզմի մասին չէ, բայց, այնուամենայնիվ, միջազային համագործակցության վրա շեշտադրումը, կարծես թե, առաջին անգամ է արվում։ Օգտագործվում է նաև «թափանցիկ բանակցությունների» եզրույթը, սա կարծես թե փոխարինման է եկել նախկինում ԵՄ պաշտոնյաների կողմից օգտագործվող «միջազգայնորեն տեսանելի մեխանիզմ» եզրույթին։ Այստեղ կրկնվեմ, որ խնդրահարույց ձևակերպումներ են, առանց հստակ միջազգային մեխանիզմի առկայության անիմաստ է խոսել ինչ-որ իրավունքների և անվտանգության ապահովման մասին»,- ընդգծեց քաղաքագետը։

Գրիգորյանը Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման մեկ այլ արդյունք էլ համարում այն, որ Ադրբեջանը վերջնականապես հաստատել է իր մասնակցությունը Քիշնևում հունիսի 1-ին հնգակողմ ձևաչափով հանդիպմանը։

«Սա ևս փոխզիջումային լուծում է, որովհետև, ինչպես գիտենք, Հայաստանը նախկինում այդքան էլ հակված չէր մասնակցել բանակցություններին առանց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներգրավվածության, իսկ Ադրբեջանը դեմ էր Մակրոնի մասնակցությանը։ Այժմ փոխզիջումն այն է, որ Հայաստանը համաձայնություն է տվել մասնակցել Բրյուսելի եռակողմ ձևաչափով հանդիպմանը, իսկ Ադրբեջանը համաձայնություն է տվել Մակրոնի մասնակցությանը, եթե կա նաև Գերմանիան, այսինքն՝ ինչ-որ բալանսավորող խաղացող։

Հնգակողմ հանդիպումը Բրյուսելում կայացած հանդիպման շարունակությունը կլինի, կփորձեն զարգացնել տեղաշարժերը և մերձեցնել կողմերի դիրքորոշումները երեք առանցքային ուղղություններով, որտեղ կան դեռևս տարաձայնություններ»,- ասաց Գրիրգոյանը։

Քաղաքագետն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչ դերակատարում կարող է ունենալ Ռուսաստանը Արևմուտքում տեղի ունեցող հանդիպումների համատեքստում։

«Մոսկվայի պարագայում պետք է տարաջանտել օրակարգերը։ Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի և Արևմուտքի դիրքորոշումները տարբերվում են։ Արևումտքը ինչ-որ համապարփակ լուծում է ցանկանում, իսկ Ռուսաստանն, ի հեճուկս արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունների, այնուամենայնիվ, դեռևս հետաքրքրված է ստատուս-քվոյի պահպանման մեջ։ Եվ այստեղ Ռուսաստանի համար կարծես թե ընկալելի չէ այդ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորման օրակարգը։ Նրանք նշում ենք, որ այդպիսի ձևաչափ արդեն կա և ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ արդեն իսկ հանդիպումներ են անցկացվում, և այս հարցում պետք չէ նոր լուծումներ գտնել։

Տրանսպորտային կոմունիկացիների ապաշրջափակման օրակարգում, կարծում եմ, որ բոլոր միջնորդները ակտիվորեն աշխատում են երկաթգծի վերաբացման ուղղությամբ։ Եվ այստեղ կարող է նույնիսկ համատեղ, նույնիսկ չհամակարգված աշխատանք լինել։ Այսինքն՝ և՛ ԱՄՆ-ն, և՛ Եվրոպան, և՛ Ռուսաստասնը հիմա աշխատում են երկաթգծի վերագործարկման ուղղությամբ։ Այս հարցում Ռուսաստանում բանակցությունները կարող են նպաստել առաջընթացին։

Դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերում ևս լուրջ տարաձայնություններ չկան միջնորդների միջև, բոլորն էլ ցանկանում են դելիմիտացիան Խորհրդային Միության վերջին քարտեզների հիման վրա։ Ռուսաստանն, իհարկե, նշում է, որ միայն իր միջնորդությամբ է դա հնարավոր, որովհետև քարտեզները գտնվում են Մոսկվայում, բայց այստեղ լուրջ տարաձայնություններ չկան»,- եզրափակեց Գրիգորյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am