Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոն է նվիրել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաներին

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոն է նվիրել Գեղարքունիքի մարզի 
սահմանամերձ գյուղերի երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի աշխատակիցներն այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Տրետուք և Կուտական գյուղեր՝ տոն պարգևելու տեղի երեխաներին: Միջոցառումը նախաձեռնել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Վարդենիսի համայնքապետարանի և Հայաստանի վարսահարդարների և կոսմետոլոգների միության նախագահ Մարինա Առաքելյանի աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Դոմ Մոսկվի»-ից, առաջին կանգառը Տրետուք գյուղի միջնակարգ դպրոցն է եղել, որտեղ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի աշխատակիցներին ջերմորեն դիմավորել են աշակերտներն ու ուսուցիչները։ Երեխաների համար կենտրոնը պատրաստել էր նվերներ՝ դպրոցական պարագաներ և հագուստ:

Ըստ աղբյուրի՝ Տրետուքի դպրոցում սովորում է 23 աշակերտ: Տնօրեն Տարիել Մանուկյանի խոսքով, աշակերտները մեծ եռանդով ու սովորելու ձգտումով են հաճախում դպրոց: «Այսօրվա միջոցառումը ոգևորեց երեխաներին՝ նրանց պարգևելով վառ ու անմոռանալի հույզեր: Նման նախաձեռնություններն իրենց նշանակալի նպաստն են բերում մեր գյուղի հզորացման գործում»,– նշել է դպրոցի տնօրենը:

Նշվում է, որ անուշադրության չեն մատնվել նաև սահմանամերձ գյուղի ամենափոքր բնակիչները։ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի աշխատակիցները Տրետուք գյուղի մանկապարտեզի սաներին նվիրել են հագուստ, տարբեր պարագաներ և զարգացնող խաղեր: Ի պատասխան՝ երեխաները հյուրերին ուրախացրել են երգերով ու ոտանավորներով։

«Շնորհակալ ենք, որ անցաք այս դժվարին ճանապարհը և այցելեցիք մեր երեխաներին ՝ նրանց պարգևելով իսկական տոն»,- իր ողջույնի խոսքում ընդգծել է մանկապարտեզի տնօրեն Սիլվա Աբրահամյանը:

«Դոմ Մոսկվի»-ի տեղեկացմամբ՝ Կուտական գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 21 աշակերտ։ Կենտրոնը նրանց նվիրել է պարագաներ, հագուստ, դպրոցական կահույք և համակարգիչներ՝ ինֆորմատիկայի դասարանի համար:   

«Նման նախաձեռնություններն ու այցելությունները շատ կարևոր են մեր բնակիչների համար։ Այսօր էլ դա նկատելի է մեր երեխաների ժպիտներից և տրամադրությունից», – նկատել է Կուտական գյուղի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանը՝ հույս հայտնելով, որ հետագայում ևս կգործակցեն  Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հետ։

«Սա կարևոր նվեր է մեր դպրոցի համար, քանի որ երեխաները հնարավորություն կունենան ուսումնասիրել առարկան ժամանակակից տեխնիկայով։ Վստահ եմ, որ մեր աշակերտները ավելի մեծ հետաքրքրությամբ են հաճախելու դասերին», - ասել է դպրոցի տնօրեն Նախշուն Շահյանը։

«Հուսով եմ, որ այս հանդիպումը կխթանի, որ երեխաները սովորեն ավելի մեծ եռանդով և ոգևորությամբ: Կրթված սերունդը հասարակության զարգացման և բարգավաճման երաշխավորն է: Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը հատուկ ուշադրություն է դարձնում մարզերի հետ աշխատանքին՝ փորձելով իր լուման ներդնել ինչպես կրթության մակարդակի բարելավման, այնպես էլ բնակիչների մշակութային ժամանցի կազմակերպման գործում»,- ընդգծել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am