Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պետք է հարևանների հետ խաղաղ գոյակցության գաղափարն իրականություն դարձնենք, բայց դա չպետք է լինի մեր արժանապատվության կամ ՀՀ տարածքների հաշվին. նախագահ

Պետք է հարևանների հետ խաղաղ գոյակցության գաղափարն իրականություն 
դարձնենք, բայց դա չպետք է լինի մեր արժանապատվության կամ ՀՀ տարածքների 
հաշվին. նախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 11-ին ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամներին՝ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ՍԴՀԿ ներկայացուցիչներին համազգային նշանակություն ունեցող գործընթացներում նրանց կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար:

«Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեր դիրքորոշման համար: Մենք կարիք ունենք միահամուռ պայքարել այն դժվարությունների դեմ, որոնք այսօր ծագել են մեր պետության առջև: Տեղյակ եմ, որ շատ լավ տիրապետում եք իրավիճակին, Կառավարության հետ մշտական շփման մեջ եք, մասնակցում եք արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցական հանդիպումներին: Եվ ըստ այդմ՝ բավական տեղեկացված եք:

Սա նշանակում է, որ ձեր հերթին Սփյուռքի մեր հայրենակիցների հետ շփումների ընթացքում ներկայացնում եք մեր երկրում տիրող իրատեսական պատկերն ու իրականությունը:

Այսօրվա մեր աշխատանքում կարևոր է նաև տեղեկություններ հասցնելը: Երբ արտերկրում եմ լինում՝ անպայման հանդիպում եմ մեր համայնքի ներկայացուցիչների հետ և նկատում, որ հիմնական խնդիրներից մեկը տեղեկատվության պակասությունն է, ինչպես նաև ապատեղեկատվությունը: Դուք այդ համատեքստում կարևոր գործ եք անում և տեղեկությունը ներկայացնում ենք: Արտերկրում ապրող մարդուն դժվար է այս տեղեկատվության անսահման հոսքի մեջ ճշմարտությունը գտնել, շատ դեպքերում նաև այդ ճշմարտությունը անհնարին է գտնել», -ասել է նախագահ Խաչատուրյանը:

ՀՀ նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ընդունելով և հասկանալով բոլոր բարդություններն ու դժվարությունները, շարունակում է իր բռնած ուղին: 

«Մենք գտնում ենք, որ ստեղծված իրավիճակի լուծումը միայն և միայն բանակցային սեղանի շուրջ պետք է լինի, և մենք պետք է մեր հարևանների հետ խաղաղ գոյակցության գաղափարն իրականություն դարձնենք, բայց դա չի նշանակում, որ դա պետք է լինի մեր արժանապատվության կամ Հայաստանի Հանրապետության տարածքների հաշվին: Մենք բոլորս պետք է մեր անելիքները գնահատենք և առաջ շարժվենք»,- նշել է նախագահը:

ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: 

«Համաձայն ենք Ձեր դիտարկումների հետ: Անկեղծ խոսակցություն է հարկավոր ժողովրդի հետ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում... Բարդ իրավիճակում ենք և մարդկանց պետք է հասցնել տեղեկություն, որը ճիշտ է, առանց քաղաքական շահարկումների և մոլորեցնող: Մենք միշտ պատրաստակամություն ենք հայտնել և վճռականությամբ ենք մոտեցել այս գործին, և միշտ խոսում ենք այն մասին, թե ինչպիսի դժվարություններ, ինչպես նաև՝ հաջողություններ կան»,- ասել է Համբիկ Սարաֆյանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առկա մարտահրավերներին, առաջնահերթություններին և անվտանգության խնդիրներին: Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ակտիվ ներգրավվածություն ունենալ ու աջակցություն ցուցաբերել երկրի առջև ծառացած խնդիրներին միասնական լուծումներ փնտրելու և համահայկական հարցերում ջանքերը մեկտեղելու գործում:
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am