Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Երեք հարյուր հիսուն անիմացիոն ֆիլմի ցուցադրում. հայտնի են «ՌեԱնիմանիա» փառատոնի մրցանակակիրները

Երեք հարյուր հիսուն անիմացիոն ֆիլմի ցուցադրում. հայտնի են «ՌեԱնիմանիա» 
փառատոնի մրցանակակիրները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքը պատկեր է, կենդանացրու այն. «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային 15-րդ փառատոնի շնորհիվ Երևանում մեկ շաբաթ շարունակ անիմացիոն կինոարվեստի շունչը, կենդանի պատկերներն ու գույներն էին։ «ՌեԱ» հոբելյանական փառատոնը նվիրված էր հայկական անիմացիայի 85 և հայ կինոյի 100-ամյակներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 22-ին «ՌեԱնիմանիա» փառատոնը մեկնարկեց Սեպիդեհ Ֆարսիի «Ազդանշան» հոգեցունց ֆիլմով՝ հանդիսատեսին նախապատրաստելով տպավորիչ և անմոռանալի փառատոնի ամբողջ ընթացքին, իսկ հոկտեմբերի 28-ին Կինոյի տանը փառատոնի փակման արարողությունը մեկնարկեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների  պատրաստած անիմացիոն կարճամետրաժ ֆիլմով, որի վրա նրանք աշխատել էին փառատոնի շրջանակում կազմակերպված աշխատարանում։ 

Լուսանկարները` Հայկ Հարությունյանի

Մինչ փառատոնի փակման մեկնարկը, լրագրողների հետ զրույցում «ՌեԱնիմանիա»-ի հիմնադիր-նախագահ Վրեժ Քասունին ասաց՝ ի պատիվ փառատոնի՝ աշխարհի ամենահեղինակավոր փառատոններում ներկայացված ֆիլմեր են ցուցադրվել «ՌեԱնիմանիա»-ի ընթացքում: «Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում ընդգրկված են ֆիլմեր, որոնցից շատերն արդեն ցուցադրվել են, հաղթել են միջազգային այլ փառատոններում, կան ֆիլմեր, որոնք առաջին անգամ մեր փառատոնում են ցուցադրվում: Հայկական անիմացիոն յոթ ֆիլմ է մասնակցում մրցույթում, սփյուռքից՝ երկու ֆիլմ: Ընդհանուր առմամբ՝ 350 անիմացիոն ֆիլմ ենք ցուցադրել փառատոնում, իսկ ամենակարևոր ձեռքբերումը անիմացիոն շուկան (MarAni-Market of animation) է, որը մեծ հաջողություն ունեցավ: Համաարտադրության առաջին հարթակը ստեղծվեց, տասը նախագիծ ներկայացվեց, որից երեքը նյութական օժանդակություն ստացավ, նաև պատկերապատման մրցույթ իրականացրինք, որտեղ 17 նախագիծ ներկայացվեց,  երեքը նյութական աջակցություն ստացան»,- տեղեկացրեց Քասունին:

Համավարակով, պատերազմով պայմանավորված՝ շուրջ երկու տարի դադարից հետո հոբելյանական 15-րդ տարում «ՌեԱնիմանիա»-ն վերադարձավ ռեբրենդավորված, նոր՝ ավելի հագեցած ծրագրով, նոր նախագծերով ու նախաձեռնություններով։

«2006-2007 թվականներին, երբ փառատոնի ստեղծման աշխատանքներն էին ընթանում, դեռ չգիտեի՝ այն ինչ անուն և լոգոտիպ է ունենալու, բայց ինձ համար կարևոր սկզբունք կար. ունենալ այնպիսի անուն և լոգոյի տեսք, որն առաջին հայացքից «Արմենիա» կարդացվեր։ Այդպես ստեղծվեց «ՌեԱնիմանիա»-ն, և շատ երկար տարիներ միջազգային հյուրերը, մասնակիցներն այն առաջին հայացքից «Արմենիա» էին կարդում։ Այս տարի  որոշեցինք նորովի վերադառնալ, ու փառատոնը վերաբրենդավորվեց՝  դառնալով ReA Festival: Այն մի քանի կարևոր բովանդակություն ու կոնցեպտ ունի՝ Republic of Armenia, Republic of Artsakh, և Republic of Animation»,- շեշտեց Վրեժ Քասունին։ 

Մրցանակաբաշխությանը «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթեց «Լինդան հավ է ուզում» (Chicken for Linda) ֆիլմը, ռեժիսորներ՝ Սեբաստիեն Լաուդենբախ, Կիարա Մալթա (Sébastien Laudenbach, Chiara Malta):

Ժյուրիի հատուկ հիշատակման արժանացավ (Jury special mention) Սեպիդեհ Ֆարսիի «Ազդանշան» (The Siren) ֆիլմը:

Լիամետրաժ անիմացիոն ֆիլմի լավագույն գեղարվեստական կոնցեպտի համար «Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակ» ստացավ Բենուա Շիյոի (Benoît Chieux) «Սիրոկկոն և քամու թագավորությունը» (Sirocco and the Kingdom of the Winds) ֆիլմը։ Մրցանակը հանձնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ 

«Շատ հաճելի է այսքան պայծառ դեմքեր տեսնել մեկ վայրում: Ցանկանում եմ ողջունել բոլոր մասնակիցներին ու շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին՝ փառատոնը բարձր մակարդակով իրականացնելու համար: Այս տարի Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր հովանավորն է: 2023-ին երեք խոշոր փառատոնների հովանավոր ենք եղել, ինչը շարունակական է լինելու»,- ասաց փոխքաղաքապետը:

Կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունների և գնահատումների արդյունքում առաջին տեղի մրցանակը տրվեց Տալ Կանտորի «Նամակ խոզին» ֆիլմին, որը պատմություն է վրեժի և փրկագնման մասին: Ժյուրին հավանել է ֆիլմում օգտագործված անիմացիայի ստեղծագործական տեխնիկան։

Ժյուրիի հատուկ հիշատակման արժանացավ Ջալալ Մաղութի «Ձեզ լավ շո՜ւն» ֆիլմը: Այն հատուկ հիշատակման արժանացավ նաև անիմացիայի համար։

Երկրորդ հատուկ հիշատակման արժանացավ  ռեժիսոր Փրիիթ Թենդերի «Շուն-տունը» աշխատանքը: Ժյուրին այն գնահատել է որպես սյուռեալիստական, իմաստալից: Լավագույն հայկական կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի «Լև Ատամանովի անվան հատուկ մրցանակ»-ը տրվեց (Lev Atamanov prize) Գոռ Ենգոյանի «Վերադարձ դեպի ռոք» ֆիլմին: Ժյուրին հավանել է անիմացիայի էներգիան և ստեղծարարությունը: Ժյուրիի անդամները ցանկանում են ավելին տեսնել պատմության մասին: Կինոնկարը հատուկ հիշատակման արժանացավ նաև երաժշտության համար:

Լավագույն ավարտական անիմացիոն ֆիլմ ճանաչվեց «Գաղթականներ» ֆիլմը,  ռեժիսորներ՝ Հյուգո Քեբի, Անտուան Դուպրիե, Օբեն Քուբյակ, Լուկաս Լերմիտ, Զոուի Դևիս: «Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակ ստացան ավարտական անիմացիոն «Վերջին բարը» ֆիլմը, ռեժիսոր՝ Առնե Հաին:

Փառատոնի ընացքում նաև հայտարարվել էր «Ազգային պատկերապատման նախագծերի մրցույթ», որին հայ ստեղծագործողները պետք է նախապես տրված թեմաներով պատկերապատման (կոմիքս) նախագծեր ներկայացնեին, դրանց իրականացման համար ստանային օժանդակություն-մրցանակներ։

Առաջին տեղի օժանդակություն-մրցանակը ստացավ «Սասունցի Դավիթ» պատկերապատումը (ստեղծագործական թիմ՝ Տիգրան Մանգասարյան՝ նկարիչ, Անի Եղիազարյան՝ սցենարի հեղինակ, Մարիամ Մալխասյան՝ գրքի ձևավորող, Գոհար Գասպարյան՝ նախագծի տնօրեն, Նարեկ Վան Աշուղաթոյան՝ պրոդյուսեր)։

Երկրորդ տեղի օժանդակություն-մրցանակը տրվեց Գոհար Սմոյանին՝ «Գյումրու կանայք» պատկերապատման համար։ Ժյուրիին գրավել է թեմայի արդիականությունը, թեմայի սոցիալական կողմը, ինչպես նաև գրաֆիկ դիզայնի կիրառման այլընտրանքային և ստեղծարար ձևը։

Երրորդ տեղում «Մոլորվածներին հսկողը» պատկերապատումն է, հեղինակ՝ Սոնա Հովհաննիսյան։ Ժյուրին ցանկացել է ոգևորել մի նախագիծ, որը համարձակություն է ունեցել անդրադառնալ հայ հասարակությունում առկա խնդրի` երիտասարդների շրջանում թմրանյութի օգտագործմանը։

Ժյուրիի հատուկ հիշատակման արժանացան Մարիամ Նիկոլյանի «Անիի պահապանը» և Գոհար Նազարյանի «Մարդկային կատակերգություն» ֆիլմերը։ 

Հայ անիմացիայի նվիրյալներին՝ օպերատոր Ալիսա Քուրքյանին,  անիմատոր-ռեժիսոր Ստեփան Գալստյանին, անիմատոր Վլադիմիր Մայիլյանին, տիկնիկային անիմատոր Գայանե Մարտիրոսյանին մրցանակներ հանձնեց «ՌեԱ» փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին։ Նա նաև «Ռոբերտ Սահակյանցի անվան» մրցանակ հանձնեց փառատոնի բարեկամ,  մշտական աջակից, ֆրանսիացի պրոդյուսեր Ժան Պոլ Կոմանին։ 

Քասունին նշեց, որ հայ անիմատորներն իրեն ոգևորել են, նորովի են բացահայտել անիմացիոն արվեստն իր համար և իր կողքին են եղել կայացման ընթացքում, իսկ Ժան Պոլ Կոմանին անգամ պատերազմական ծանր օրերին հորդորել է չընկճվել, կայացնել փառատոնը և չհեռանալ միջազգային հարթակներից՝ այնտեղ մշտապես հնչեցնելով Հայաստանի անունը:

Մրցութային հատվածի ավարտից հետո ցուցադրվեց փառատոնի փակման ֆիլմը՝  Դորոտա Կոբիելա Վելչմանի և Հյու Վելչմանի  «Գեղջուկները» անիմացիոն ցնցող կինոնկարը: Այն պատմում է Յանգայի մասին՝ մի երիտասարդ կնոջ, որը որոշել է իր սեփական ճանապարհը կերտել 19-րդ դարի վերջի լեհական  գյուղի սահմաններում՝ բամբասանքների և շարունակվող թշնամությունների մեջ:

«ՌեԱնիմանիա»  անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը 2024-ին տեղի կունենա հոկտեմբերի 22-27-ը Երևանում։ 

«ՌեԱնիմանիա»-ի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, իսկ գլխավոր աջակիցը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Փառատոնին աջակցում են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը, «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMAA),  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտն ու  ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP)։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am