Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

«Նոր գիրք»-47/23. Թեքգյոզյան, Դիքամիլո, Այզեքսոն

«Նոր գիրք»-47/23.  Թեքգյոզյան, Դիքամիլո, Այզեքսոն

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն
Հովհաննես Թեքգյոզյան, «Ապաստանը»
apastan.jpg (74 KB)

«Ակտուալ արձակ» մատենաշարով տպվել է Հովհաննես Թեքգյոզյանի  «Ապաստանը» վեպը: Այն հոգեվերլուծական և դետեկտիվ տարրերով կառուցված ինքնատիպ ստեղծագործություն է, որի գործողությունները տեղի են ունենում ժամանակակից Եվրոպայի սրտում՝ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում։ Վեպի գլխավոր հերոսը՝ ստրասբուրգցի, ալզասա-մավրական արմատներով 21-ամյա Սիրանոն, ընտանեկան գժտություններից խուսափելու համար որոշում է հեռանալ տնից: Նա տեղավորվում է մի բնակարանում, որտեղ  բնակվում է Մարի-Էժեն Նոել անունով մի առեղծվածային կին։ Սիրանոն և Մարի-էժենը բնակավում են մի հարկի տակ, բայց երբեք իրար չեն տեսնում։ Մարի- Էժենի միստիկ գրառումները Սիրանոյին ստիպում են անսովոր մի հետաքննություն սկսել. փնտրելով Մարի-Էժենին, փորձելով բացահայտել կնոջ առեղծվածը՝ Սիրանոն պիտի լուծի մի բարդագույն թնջուկ

Ճանաչելով իր բախտակիցներին,  տեսնելով, վերապրելով Մարի-էժենի եւ այլոց՝ Ապաստան հայցող մարդկանց ծանոթ- անծանոթ խնդիրները՝ Սիրանոն կսովորի իրապես ճանաչել ինքն իրեն եւ աշխարհ՝ նորովի։ Սա մի յուրատեսակ, նոր գրական հոսանքներով համեմված վեպ- ոդիսական է, որ վեր է հանում բազում կարևորագույն թեմաներ՝ ռասիզմ, ընտանեկան բռնություն, մանկական տրավմաներ: Մենք ամենաշատը փախչում ենք մեզանից,  ինչո՞ւ. հարցի պատասխանը կգտնեք վեպում։ Գիրքը լույս է ընծայել «Ակտուալ արվեստ»-ը։

Թարգմանական գրականություն
Քեյթ Դիքամիլո, «Էդուարդ Թյուլեյնի զարմանալի ճանապարհորդությունը»
eduard.jpg (149 KB)

Նավարկության ընթացքում՝ օվկիանոսի հատակում հայտնվելուց հետո, Էդուարդ Թյուլեյնը նոր է սկսում հասկանալ, որ կյանքը չի սահմանափակվում նրբագեղ ու թանկարժեք հագուստներով և մյուսների հանդեպ ամբարտավան վերաբերմունքով: Սկսելով իր զարմանալի ճանապարհորդությունը` Էդուարդը նորովի է բացահայտում ինքն իրեն ու աշխարհը, իսկ նրան հանդիպած մարդիկ ու փորձությունները վերջապես սովորեցնում են ամենակարևորը` լսելն ու սիրելը... Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Փաստավավերագրական գրականություն
 Ուոլթեր Այզեքսոն, «Նորարարները»
norara.jpg (172 KB)

«Նորարարները» խորքային և գրավիչ հետազոտություն է մարդկանց և գաղափարների, որոնք ստեղծել ու զարգացրել են թվային հեղափոխությունը: Կարևորելով նորարարության համագործակցային բնույթը, արվեստի ու գիտության խաչաձևումը, բարեբախտությունն ու ձախողումը, տեխնոլոգիական առաջընթացի էթիկական նկատառումներն՝ Այզեքսոնը համապարփակ պատկերացում է տալիս առաջընթացը խթանող բարդ ուժերի մասին: Գիրքը արժեքավոր ռեսուրս է բոլորի համար, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիայի, նորարարության պատմությամբ և դարակազմիկ փոփոխությունների հասարակական ազդեցությամբ: Թարգմանությունն անգլերենից՝ Արևիկ Ղարիբյանի։ Խմբագիր՝ Գոհար Քալաշյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am