Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

«Երևանյան բեսթսելեր». «Օդապարուկ թռցնողը»՝ առաջատար. թարգմանական. նոյեմբեր, 2023

«Երևանյան բեսթսելեր». «Օդապարուկ թռցնողը»՝ առաջատար. թարգմանական. 
նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է նոյեմբերի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականում է Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը»: Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:

Երկրորդ հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց...» վեպը: Այն հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939թ.՝ «Տասը փոքրիկ սևամորթներ» վերնագրով: Մեկ տարի անց հրատարակվել է ԱՄՆ-ում՝ «Եվ ոչ ոք չմնաց...» վերնագրով, որով էլ հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Տասը հոգի՝ միմյանց անծանոթ և առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող, հայտնվում են Սոլջըր Այլենդում՝ Զինվորի կղզում, որտեղ նրանց սպասում են տասը զինվորների ճենապակե արձանիկներով լի սկուտեղն ու անլուծելի առեղծվածը, թե ինչու են իրենց հրավիրել այդտեղ: Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի:

Երրորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Անվերջանալի գիշեր»-ը։ Ագաթա Քրիստիի «Անվերջանալի գիշեր» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1967 թվականին։ Վերնագրի ընտրության հարցում հեղինակին ոգեշնչել են անգլիացի բանաստեղծ Ուիլյամ Բլեյքի «Անմեղության երգեր» բանաստեղծության տողերը։ Քրիստին մի առիթով խոստովանել է, որ «Անվերջանալի գիշերն» իր ամենասիրելի ստեղծագործությունն է, և թեպետ իր վեպերը սովորաբար գրում է երեք-չորս ամսում, այս մեկն ավարտին է հասցրել վեց շաբաթվա ընթացքում։ Թարգմանությունը՝ Արփինե Վարդանյանի։

Ագաթա Քրիստիի «Էրքյուլ Պուարոյի Սուրբ Ծնունդը» չորրորդ տեղում է։ Քրիստիի «Էրքյուլ Պուարոյի Սուրբ Ծնունդը» ընթերցողին արդեն քաջ հայտնի բելգիացի մասնավոր խուզարկուի մասնակցությամբ հերթական դետեկտիվ վեպն է: Վեպն առաջին անգամ հրատարկվել է 1938 թ. Մեծ Բրիտանիայում: Իսկ հետագայում ԱՄՆ-ում հրատարվել է նաև «Սուրբ Ծննդի մարդասպան» և «Տոն մարդասպանի համար» վերնագրերով: Այս անգամ Էրքյուլ Պուարոն կանգնում է ընտանեկան ողբերգության հանգուցալուծման խնդրի առջև: Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին «Գորստոն Հոլ» առանձնատանը՝ սեփական սենյակում փակված, ընտանիքի անդամները հայտնաբերում են միլիոնատեր Սիմեոն Լիի մարմինը՝ ամբողջովին արյան մեջ: Սպանության վարկածն անհերքելի է, սակայն առեղծվածի կծիկը քանդելն այնքան էլ հեշտ չէ: Չէ՞ որ սպանության զոհին գրեթե բոլորը ատում էին: Իսկական ժամանակն է գորշ բջիջները գործի դնելու: Թարգմանությունը՝  Տաթևիկ Թումանյանի։

Հինգերորդ տեղում է Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ» գիրքը: 2007 թվականին լույս տեսած այս վեպը անկեղծ ու հուզիչ գիրք է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ կանանց աչքերով: Վեպի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց հանդեպ բռնությունն ու դաժանությունը: Զրուցելով Քաբուլի բազմաթիվ կանանց հետ և լսելով նրանց հոգեկեղեք պատմությունները՝ Հոսեյնին գրել է «Հազար չքնաղ արևները» և նվիրել այն Աֆղանստանի կանանց: Վեպը օգնում է ավելի լավ հասկանալու Աֆղանստանի դժնդակ պատմությունը, մշակույթն ու ժառանգությունը, իսկ անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի հերոսությունը կարող է միայն հիացմունք առաջացնել: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:  

Քրիստիի «Բացելով խաղաքարտերը»  վեցերորդ տեղում է։ «Բացելով խաղաքարտերը» վեպն առաջին անգամ տպագրվել է 1936թ.: Վեպում Էրքյուլ Պուարոյի հետ միասին հետաքննությունը վարում են Արիադնե Օլիվերը, ավագ տեսուչ Բաթլը և գնդապետ Ռեյսը, որին հանդիպել եք Ագաթա Քրիստիի այլ գործերում: Ամեն ինչ սկսվում է առաջին հայացքից մի սովորական ու անմեղ երեկույթից. ընթրիք, իսկ հետո՝ բրիջ: Սակայն հենց այդ երեկո ամեն բան ավարտվում է տանտիրոջ՝ միսթր Շայթանայի համար, իսկ Էրքյուլ Պուարոյի և մյուս երեքի համար սկսվում է բարդ, բայց միևնույն ժամանակ շատ անսովոր հետաքննություն, որի վերջնակետին հասնելու համար, բացի նրանց բնորոշ մեթոդներից, անհրաժեշտ էր նաև շատ լավ գլուխ հանել բրիջի կանոններից: Թարգմանությունը՝ Նաիրա Քերոբյանի։

Ագաթա Քրիստիի «Մոռացված սպանությունը» յոթերորդ տեղում է։

«Մոռացված սպանությունը» Ագաթա Քրիստիի հերթական վեպերից է, որում հանդես է գալիս միսս Մարփլը: Այն նաև վերջին վեպն է՝ հետմահու հրատարակված: Գվենդա Ռիդն ամուսնու հետ որոշում է տուն գնել Անգլիայում: Բայց երիտասարդ աղջիկը կասկածում է, որ նա ժամանակին ապրել է այդ տանը և նույնիսկ տեսել՝ ինչպես է այդ տանը սպանություն կատարվում: Աղջիկն արդեն սկսում է կարծել, թե խելագարվում է, մինչդեռ միսս Մարփլը համոզված է, որ սպանություն եղել է, և օգնում է երիտասարդ զույգին թույլ չտալ, որ անցյալում կատարված սպանությունը մնա չբացահայտված: Թարգմանությունը՝ Շուշաննա Վասիլյանի։

Ագաթա Քրիստիի «Սպանություն Արևելյան ճեպընթացում» գիրքը ութերորդ տեղում է։ «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վիպակը համարվում է Ագաթա Քրիստիի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Գլխավոր հերոսը Էրքյուլ Պուարոն է, որն իր մասնագիտական հմտությունների և ճկուն տրամաբանության շնորհիվ բացահայտում է չափազանց հետաքրքրական մի հանցագործություն։ Վեպը առաջին անգամ հրատարակվել է 1934 թվականին Մեծ Բրիտանիայում։ Թարգմանությունը՝ Շուշան Փայտյանի։

Իններորդ տեղում է Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը։ 44-օրյա պատերազմը փոխեց հայկական իրականությունը։ Պարզ էր, որ 2020-ից հետո ամեն ինչ նախկինի պես չի լինելու։ Բայց մի բան է, երբ մենք ենք դրա մասին խոսում, գրքեր գրում՝ մեկ այլ բան, երբ այսքան կարևոր թեմայի անդրադառնում են այլազգի գրողները։ Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը գեղարվեստական ստեղծագործություն է, որի առանցքում 44-օրյա պատերազմն է։ Վեպ, որտեղ կգտնեք հուզիչ սիրային պատմություն, տաքուկ մարդկային հարաբերություններ, բայց նաև  պատերազմի դաժան իրականություն, որը անտարբեր ոչ ոքի չի թողնի։ Գրքում պատմվում է Մոսկվայում բնակվող ընկերների մասին։ Նրանցից երկուսը հայ են, մեկը վրացի, մյուսն էլ ադրբեջանցի։ Ընկերներից մեկը Մարատը 44-օրյա պատերազմի օրերին հայտնվում է Արցախում։ Թարգմանությունը՝ Նորայր Ենգիբարյանի։

Տասներորդ հորիզոնականում է Ջորջ Օրուելի «1984» վեպը: 1949 թ. հրատարակված «1984» հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառա­բանություններով։ 2009 թ.-ին The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։ Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +2 Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը» Զանգակ 69
2 0

Ագաթա Քրիստի

«Եվ ոչ ոք չմնաց...»

Էդիթ Պրինտ 44
3 +5

Ագաթա Քրիստի

«Անվերջանալի գիշեր»

Էդիթ Պրինտ 37
4 *

Ագաթա Քրիստի

«Էրքյուլ Պուարոյի Սուրբ Ծնունդը»

Էդիթ Պրինտ 35
5 *

Խալեդ Հոսեյնի

«Հազար չքնաղ արևներ»

Զանգակ 35
6 +1

Ագաթա Քրիստի

«Բացելով խաղաքարտերը»

Էդիթ Պրինտ 30
7 Նոր

Ագաթա Քրիստի

«Մոռացված սպանությունը»

Էդիթ Պրինտ 30
8 -2

Ագաթա Քրիստի

«Սպանություն Արևելյան ճեպընթացում»

Էդիթ Պրինտ 29
9 *

Գամիդ Ամիրով

«Արցունքներ դրախտում»

Բուկինիստ 29
10 *

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 25

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am