Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հայաստանն ունի տեխնոլոգիական ոլորտում թռիչքաձև զարգացում ունենալու բոլոր հնարավորությունները․ Հակոբ Արշակյան

Հայաստանն ունի տեխնոլոգիական ոլորտում թռիչքաձև զարգացում ունենալու 
բոլոր հնարավորությունները․ Հակոբ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես նշվում է Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրության մեջ, ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքում անդրադարձել է Հայաստանում տեխնոլոգիական թռիչքաձեւ զարգացման հնարավորություններին.

«Դրա մասին տարիներ շարունակ մենք բազմիցս քննարկել ենք, եւ տարբեր երկրներ այդ թռիչքը կարողացել են ապահովել. դա անհնարին բան չէ: Կարծում եմ, որ մենք բոլոր հնարավորություններն ունենք Հայաստանի համար նման թռիչք ապահովելու»:

Հակոբ Արշակյանի խոսքով անհնար է պատկերացնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միայնակ զարգացումը. «Այստեղ մենք սիներգիայի կարիք ունենք` կրթություն, գիտություն եւ արդյունաբերություն կապի: Եթե մենք կարողանանք Հայաստանում ստեղծել այս կապը եւ դա արդյունավետ աշխատի, ապա կունենանք թռիչք: Վերջին երկու տարվա ընթացքում մեր կատարած բոլոր խորքային ու այլ երկրների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման թռիչք անհնար է ապահովել, եթե մենք չունենանք ռազմավարական մոտեցում թե' կրթության, թե' գիտության, թե' տեխնոլոգիաների ոլորտներում իրար հետ փոխկապակցված զարգացման ռազմավարության ներդրման տեսանկյունից»:

ԱԺ փոխխոսնակը կարեւորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարություն ունենալու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ բազմիցս աշխատանքներ են կատարվել տարբեր խմբերի կողմից: «Ցավոք, այս պահին չունենք ներդրված փաստաթուղթ, եւ դրա պատճառներից մեկը նաեւ այն է, որ այն միայնակ չի կարող լինել: Այն պետք է լինի փոխկապակցված եւ մաս լինի համակարգին: Այս առումով մենք բախվել ենք մարտահրավերների»,- նշել է ԱԺ փոխնախագահը եւ հավելել, որ խնդիրը ոչ թե կոմունիկացիայի եւ համագործակցության մեջ է, այլ մարդկանց մոտեցումների եւ նրանց կողմից համակարգերը զարգացնելու առաջնահերթությունների:

Հակոբ Արշակյանը խոսել է ՀՀ վարչապետին կից Գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքների կարեւորության մասին, ընդգծել այդ աշխատանքներում հայտնի գիտնականների, ձեռներեցների, Հայաստանի զարգացման գործում ներդում ունեցած մարդկանց եւ քաղաքական գործիչների ներգրավումը:

Ըստ ԱԺ փոխնախագահի` օրենսդիր մարմնի աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե Կառավարության գործընկերներն ինչպիսի ռազմավարություններ ունեն, քանի որ ինստիտուցիոնալ առումով խորհրդարանը վերահսկողություն է իրականացնում այդ ռազմավարությունների իրագործման եւ բյուջետային միջոցների արդյունավետ ծախսման վերաբերյալ: «Երբ մենք տեսնում ենք, որ որեւէ ոլորտում ռազմավարությունը բացակայում է, մենք մարտահրավերների առաջ ենք կանգնում»,- փաստել է Հակոբ Արշակյանը:

«Ուրախ կլինենք, որ գոնե հաջորդ տարի ունենանք երկու տեսակի ռազմավարություն: Մեկը` գիտությունը, կրթությունը եւ արդյունաբերությունը միմյանց կապող առաջնահերթություններով եւ ուղղահայաց ռազմավարություն` հենց բարձր տեխնոլոգիաների, ինովացիայի ուղղությամբ»,- եզրափակելով խոսքը` նշել է ԱԺ փոխխոսնակը եւ հաջողություն մաղթել աշխատաժողովի աշխատանքներին:

Միջոցառմանը բացման խոսքով ելույթներ են ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչ Աշրաֆ Աբուշադին եւ այլոք:

Մասնակիցները խոսել են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման վերաբերյալ իրենց պատկերացումների մասին, ներկայացրել միջազգային լավագույն փորձը, հանդես եկել նորարարական գաղափարներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am