Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պատանի մեդալակիրները. մեծանուն թավջութակահար-մենակատար դառնալու երազանքի ճանապարհին

Պատանի մեդալակիրները. մեծանուն թավջութակահար-մենակատար դառնալու 
երազանքի ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած ոլորտում հաջողված գործի հետևում տարիների մեծ աշխատանք  ու գիտելիքներ են թաքնված: Մեր կողքին մշտապես ծնվում ու մեծանում են մարդիկ, որոնք երազանքին հասնելու համար դեռ վաղ տարիքից շատ ժամանակ ու մեծ եռանդ են ներդնում: Մեր հերոսն արդեն տքնաջան աշխատանքի շնորհիվ հասցրել է անցնել դժվարություններով լի ճանապարհով։ 14-ամյա Վահե Դանիելյանը թավջութակ սկսել է նվագել դեռ յոթ տարեկանից՝ մորաքրոջ հորդորներով, բայց առաջին իսկ նոտաներից անմոռաց սիրել է թավջութակը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վահեն նշեց, որ սովորում է Երևանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 74 հիմնական դպրոցում, որին զուգահեռ հաճախում է նաև Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի թավջութակի բաժին՝ Գայանե Ռաֆայելյանի սանն է:

Պատանի երաժիշտն ապագայի հետ կապված շատ պլաններ ունի, նպատակ ունի մեծանուն թավջութակահար-մենակատար  դառնալ, գրավել մեծ բեմեր  և Հայաստանը ներկայացնել ամբողջ աշխարհում։

Մինչ այդ երազանքին հասնելը նա արդեն հասցրել է մի շարք տեղական և միջազգային մրցույթների մասնակցել  և լավագույն արդյունքները գրանցել:

«Ես մասնակցել եմ Վիեննայում կայացած լարային գործիքների միջազգային մրցույթին, Չինաստանում թավջութակահարների մրցույթում զբաղեցրել եմ երկրորդ և երրորդ տեղերը, Հայաստանում մասնակցել եմ «Արտ Մյուզիք»  մրցույթին, որտեղ բոլոր գործիքները  ներառված են, առանձին անվանակարգում  զբաղեցրել եմ առաջին հորիզոնականը»,-ասաց նա:

Վահեն  նաև քաղաքապետարանի կողմից իրականացվող մեծ նախաձեռնության՝ մանկապատանեկան նվագախմբի առաջատար անդամ է, ունի հագեցած գրաֆիկ՝ մշտապես փորձերի է, բայց չի դժգոհում, սիրով ու հաճույքով է հաճախում:

Պատանի թավջութակահարի՝ տարբեր բեմերում հանդես գալու և միջազգային մրցույթներին մասնակցելու առաջարկները տարիների ընթացքում ավելացել են.  առաջիկայում հրավիրված է մասնակցելու Վլադիմիր Սպիվակովի անվան  միջազգային փառատոնին, որտեղ ակնկալում է լավագույնս ներկայանալ:

Վահեն դժվարացավ առանձնացնել նախընտրելի ստեղծագործություն՝ բոլորն էլ հարազատ են իրեն: Խոսելով թավջութակ նվագելու և իր ճանապարհին հանդիպած դժվարություններից՝ Վահեն մեզ մի գաղտնիք բացեց, նշելով՝ երբ  երաժշտական գործիքը սիրում ես ու այն  կյանքի ու առօրյայի  մի մաս է դառնում, ամեն ինչ ավելի հեշտ է, արդյունքում՝ սիրում ես բոլոր ստեղծագործությունները: Իսկ իր ապագան արդեն առանց թավջութակի չի պատկերացնում:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Հեղ. Գայանե Գաբոյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am