Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Պրոակտիվ առաջնորդը» գիրքը՝ հայկական իրականության մեջ խնդիրներ լուծելու համար

«Պրոակտիվ առաջնորդը» գիրքը՝ հայկական իրականության մեջ խնդիրներ լուծելու 
համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Simple Business Academy և Targeting ընկերությունների համահիմնադիր և տնօրեն Գոռ Կարապետյանի երկրորդ՝  «Պրոակտիվ առաջնորդը» գիրքը պրոակտիվ առաջնորդության մասին է․ առաջնորդություն, որտեղ փոքր դերը ծառայեցվում է մեծ նպատակին՝ լինի բիզնեսում, կրթության, թե որևէ այլ ոլորտում:

Գիրքը նաև կոչ է անում համատեղ փնտրել լուծումներ, հաղթահարել ֆունկցիոնալ անգրագիտությունը, բարձրացնել սոցիալական պատասխանատվության և կրթության ցածր մակարդակը։ 

2024.03.22_16.10.16.55.JPG (390 KB)

«Արմենպրես»-ի հետ զրույցում հեղինակը նշեց՝ գրքում ընդգծվում է նաև ֆունկցիոնալ առաջնորդության, մենթորության և հոգատարության միջոցով դրական փոփոխություններ առաջ բերելու կարևորությունը:

«Հիմնվելով միջազգային, տեղական ու անձնական փորձի վրա՝ մշակել և առաջարկում եմ գործուն մեթոդներ ու պրակտիկ խորհուրդներ, որոնք օգտակար կլինեն հետաքրքրասեր և ուսումնասիրող պատանիներին ու երիտասարդներին: Գիրքը նաև օգնում է բացահայտել դրական փոփոխությունների ունիվերսալ ալգորիթմը: Գրքում նկարագրված են բիզնեսի կրթության և այլ ոլորտների գլոբալ ու լոկալ  ազդեցիկ օրինակներ, որոնց շնորհիվ պրոակտիվ առաջնորդությունը զգալի փոխակերպումներ է առաջ բերել մեծ ու փոքր համայնքներում և էկոհամակարգերում: Գիրքը ևս մեկ ապացույց է, որ արդյունավետ ու պրոակտիվ առաջնորդ չեն ծնվում, այլ դառնում են: Մոտիվացիայի մասին խոսելն ավելորդ է դառնում, երբ իսկապես գիտես ինչ, ինչպես և հատկապես ինչու հարցերի պատասխանները: Գրքում հնարավոր է գտնել նաև այդ հարցերի պատասխանները»,- ներկայացրեց գրքի հեղինակը: 

2024.03.22_16.00.58.30.JPG (468 KB)

Կարապետյանը պատմեց՝ երկար ժամանակ զբաղվել է գործարարությամբ, որին զուգահեռ ակտիվ սոցիալական-կրթական գործունեությամբ է զբաղվում: Նրա խոսքով՝  հանդիպումներ է ունենում տարբեր մարզերի երիտասարդների հետ, քննարկում են մասնագիտական կողմնորոշման, ժամանակի ճիշտ կառավարման, փափուկ հմտությունների, առաջնորդության և այլ կարևոր հարցեր: Թեմաները միասին համադրելով՝ Կարապետյանը ստեղծել է իր առաջին «Հաջողության թաքնված կողմը» գիրքը, որի դրական արձագանքից էլ ոգևորվելով՝ որոշել է աշխատել երկրորդ գրքի վրա ու այն ընթերցողներին ներկայացրել փետրվարի 13-ին: Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ գրքի առաջին տպաքանակը՝ 1000 օրինակն, արդեն սպառվել է, ու աշխատում են երկրորդ տպաքանակի վրա:  

«Երկրորդ գիրքս բաց հրավեր է, կոչ է մեր հասարակության յուրաքանչյուր անդամի, որը որևէ ոլորտում ունի որոշակի էքսպերտիզա կամ կայացած է, որպեսզի պատասխանատվություն վերցնի մեր երիտասարդներին իր մասնագիտական կամ այլ հմտությունները փոխանցելու առումով: Առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքով՝ ավելի լավ է օգնել ոմանց, քան անտեսել բոլորին: Եթե մենք ավելի շատ մարդիկ ունենանք, որոնք պատրաստ են կիսվել իրենց մասնագիտական հմտություններով, դպրոցներում ու բուհերում բաց  թողնվածն ինչ-որ իմաստով կմեղմվի»,- մեկնաբանեց հեղինակը: 

Նա նշեց՝ առաջին գիրքն անձնային աճին է ուղված, որտեղ հավաքել է թեմաներ, որոնք կցանկանար 17-18 տարեկանում լսել իր համար հեղինակություն ունեցող մի մարդուց: Գրքում խոսում է արժեքներից, մտածելակերպից, կյանքի առաքելությունից, սովորություններից, սկզբունքերից, մասնագիտություն ընտրելու պրոցեսից և նեթվորքինգից: Կարապետյանն առանձնահատուկ ընդգծեց նեթվորքինգի դերը, որի շրջանակում էլ նշեց՝ առաջիկայում՝ ապրիլի 6-ի,  բիզնես համայնքին միավորելու, նոր կապեր ձեռք բերելու հնարավորություն ստեղծելու նպատակով Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային ձևաչափ ունեցող Linkedin Local Yerevan բիզնես նեթվորքինգը խթանելուն ուղղված միջոցառում:

2024.03.22_16.01.40.47.JPG (539 KB)

«Linkedin Local Yerevan-ը հավաքելու է 300-ից ավելի բիզնես հիմնադրի, ղեկավարի, թոփ-մենեջերի և առհասարակ, բիզնես ոլորտում կայացած անհատի»,- ասաց նա: 

Կարապետյանը, խոսելով երկրորդ գրքից, նշեց, որ  այն բաժանել է 3 հստակ մասի. առաջնորդությունը 3 հարթությունում՝ բիզնեսում, կրթության մեջ և համայնքում: Գրքում բերվում են տեղական և միջազգային օրինակներ, ինչպես նաև հեղինակի սեփական հետազոտությունները: 

«Գրքում ընդգծվում է հայկական խնդիրների մասին: Կան ունիվերսալ սկզբունքներ, ճշմարտություններ, որոնք կարելի է կիրառել տարբեր ոլորտներում, բայց տվյալ դեպքում շատ շեշտադրում եմ կրթության որակը, որը հայկական իրականությանն է բնորոշ: Խոսում եմ այն մասին, թե աշխարհն ինչ ուղղությամբ է զարգանում: Հիմա աշխարհն աշխարհով, բայց մենք ունենք խնդիրներ, դրա համար այս գիրքը հայկական իրականության մեջ խնդիր լուծելու համար է»,- ներկայացրեց նա՝ ընդգծելով, որ գիրքը պետք է կարդան այն բոլոր հայերը, որոնք ընդմիջման ժամանակ, տանը, ընկերական միջավայրում, լուրեր լսելուց հետո, մենակ մնալիս իրենց հարց են տալիս՝ ի՞նչ կարելի է անել: 

Կարապետյանը տեղեկացրեց՝ սա իր վերջին գիրքը չէ, դեռ շատ ասելիքներ ունի: Առաջիկա 10 գրքի թեմաները մտքում պահած ինտենսիվ աշխատում է երկուսի վրա, որից մեկի փակագծերը բացելով՝ նշեց, որ այն փոփոխությունների մասին է լինելու, որն ընթերցողների դատին կհանձնի 2025-ի սկզբին: 

Կարինե Տերտերյան 

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am