Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հովհաննես Շիրազի քույրը կեղծել է եղբոր ծննդյան թիվը, որ նրան կտրի փողոցից. նշվում է մեծ բանաստեղծի 110-ամյակը

Հովհաննես Շիրազի քույրը կեղծել է եղբոր ծննդյան թիվը, որ նրան կտրի փողոցից. 
նշվում է մեծ բանաստեղծի 110-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն գրող Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան) հայ քնարերգության անմահ անուններից է: Բանաստեղծն իր ստեղծագործություններում արտահայտել է սերը բնության, հայրենիքի, մոր և աշխարհի նկատմամբ, բարձրաձայնել է խնդիրներ, որոնց մասին արգելված էր խոսել, հեղինակ, որի յուրահատուկ մտածողությունն ու ձեռագիրն անհնար է շփոթել: Այս  տարի նշվում է բանաստեղծի 110-ամյակը:

«Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի գիտաշխատող Տաթև Գաբրիելյանը պատմում է՝  Շիրազն ունի ծննդյան երկու տարեթիվ՝ 1914-ը և 1915-ը։ «Իրականում նա ծնվել է 1915 թվականին, սակայն քույրը նոր ծննդական է վերցրել նրա համար, որտեղ գրված է, որ Շիրազը ծնվել է 1914 թվականին։  Այսկերպ, քույրը ցանկացել է եղբորը կտրել փողոցի կյանքից, որպեսզի Շիրազն աշխատանքի ընդունվի տեքստիլ գործարանում: Երկրորդ տարեթվի մասին Հովհաննես Շիրազը բարձրաձայնել է 1965 թվականից հետո: Շատերը չեն հավատացել: Մինչ օրս թյուր կարծիքներ կան, և կան մարդիկ, որոնք չեն հավատում, որ Շիրազը ծնվել է 1915 թվականին: Մենք նրա ծնունդը նշում ենք երկու անգամ: Հարյուրամյակը տոնել ենք և՛ 2014-ին, և՛ 2015-ին»,-ասում է Գաբրիելյանը:

2024-ին գրողի տարեդարձը տոնում են ապրիլի 26-ին և 27-ին՝ նրա պատվին կազմակերպված միջոցառումներով, որոնց մասնակցում են ինչպես գյումրեցիները, այնպես էլ՝ այլ քաղաքներից ժամանած հյուրեր:

Հուշատուն-թանգարանում ոչ միայն պահվում ու սրբորեն պահպանվում են գրողի կյանքի կարևոր մաս կազմող իրեր, այլև նրա գրական ժառանգությունը սերունդներին փոխանցելու համար նոր գրքեր են հրատարակում, լույս են տեսնում անտիպ ստեղծագործություններ, վերախմբագրված գործեր, որոնք երբեմն նոր լույս են սփռում հեղինակի ստեղծագործական աշխարհի վրա: Նրա 110-ամյակի առթիվ նախատեսվում է Շիրազի «Անտիպ էջեր»-ի 4-րդ հատորի շնորհանդեսը:

Հրատարակել են նաև «Անի» պոեմը, որն առաջին անգամ լույս է տեսել 1950-ականներին և արգելված է եղել: Ամբողջական պոեմը 2011 թվականին է հրատարակվել հուշատուն-թանգարանի ջանքերով, իսկ մինչ այդ պոեմից մի փոքրի հատված ժողովրդի մեջ շատ տարածվել է ու երգ դարձել: «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» տողերը բոլորը գիտեն:  Հրատարակել ենք նաև «Անտիպ էջերը»-ը, «Հուշարձան հայրիկիս», «Թոնդրակեցիները» պոեմը և շատ այլ գրքեր»,-նշում է գիտաշխատողը:

Անտիպ գործերը հրատարակում են Հովհաննես Շիրազի որդու՝ Վանանդ Շիրազի և գրականագետ Սամվել Մուրադյանի նախաձեռնությամբ: Նրանք են ընտրում այն ստեղծագործությունները, որոնք պետք է ներկայացվեն ընթերցողներին: Հովհաննես Շիրազը շատ անտիպ գործեր ունի: Հուշատուն-թանգարանը լույս է ընծայել նաև  նրա քառյակները, ակրոստիքոսները, բանաստեղծությունները, երկտողանի գործերը: Ամեն հատորի հետ նորովի են բացահայտում Շիրազին, որը թարմություն բերեց, նոր էջ բացեց հայ գրականության մեջ:

Հովհաննես Շիրազը փոքր ժամանակ մոր ու քույրերի հետ երեք ամիս գիշերել է հուշատուն-թանգարանի նկուղում. տուն չեն ունեցել: Միայն 1983-ի հուլիսին են այդ տունը, որը եղել է Վանից գաղթած մեծահարուստ վաճառական Քեշիշյաններինը (Վանեցյաններ), նվիրել Շիրազին: Տան բակում հաստաբուն ծառ է եղել, որի տակ Շիրազը ջուր է վաճառել: Անգամ բանաստեղծություն ունի՝ նվիրված այդ հիշողություններին. «Ջուր եմ ծախում, սառը ջուր»: Բանաստեղծությունը հետագայում երգի է վերածվել, որը հաճախ է կատարել Հարութ Փամբուկչյանը:

Շիրազը մահացել է 1984-ի մարտին ու չի հասցրել Երևանից տեղափոխվել այդտեղ, ուստի թանգարանը հուշատուն-թանգարան է կոչվում: «Նա եկել է այդ տուն և շատ է ուրախացել, որ իր ծննդավայրում սեփական տուն ունի: Շենքը 1868 թվականի կառույց է, իսկ թանգարանը բացվել է 2003 թվականի սեպտեմբերին: Ցուցանմուշների մեջ Շիրազի իրերից քիչ բան կան: Նրա աշխատասենյակում գրասեղանն է, որի վրա միշտ երկու գիրք է դրված եղել՝ Լեոյի «Հայոց պատմությունը» և «Նարեկ»-ը, որի էջերին Շիրազն իր երեխաների նկարներն է փակցրել: Նա հավատացել է, որ «Նարեկ»-ն անփորձանք կպահի իր զավակներին: Այդ գրքերը ևս կան թանգարանում, նրա պիջակն ու Վանա ծովից բերված քարն են այստեղ, որը Շիրազին են նվիրել, և նա աչքի լույսի պես է այն պահել: Մինչ օրս մեզ են այցելում մարդիկ, որոնք ճանաչել են Շիրազին ու մեզ մոտ ներկայացնում են իրենց Շիրազին»,-նշում է գիտաշխատողն ու հավաստիացնում՝ Շիրազը շատ արդիական է:

Հովհաննես Շիրազը քաղաքականությամբ երբեք չի զբաղվել, ունեցել է տարբեր հարցերի շուրջ իր ուրույն կարծիքը և երբեք չի շողոքորթել քաղաքական այրերին, եղել է այնպիսին, ինչպիսին կա, ուստի շատ է քննադատվել: «Շիրազն իր գործերով միշտ է աչքի ընկել, անգամ Խորհրդային Միությունում համարձակվել է անդրադառնալ թեմաների, որոնք արգելված էին, գովերգել է Մասիսը, խոսել է Եղեռնի մասին: Շատ է հալածվել, անգամ ձերբակալվել է, բայց շարունակել է գրել: Չի փոխել իր ոճն ու հավատարիմ է մնացել իր գրական սկզբունքներին, եղել է անկեղծ ու պատասխանել է իրեն տրված հարցերին՝ առանց մտածելու, թե դիմացինն ով է, որովհետև համաժողովրդական սեր էր վայելում. ժողովուրդը պաշտում էր նրան»,-պատմում է Տաթև Գաբրիելյանը:

Հովհաննես Շիրազը մտերիմ է եղել քաղաքական և պետական գործիչ, ՀԽՍՀ կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հետ:

«Ասում են՝ Շիրազը հեռախոսահամար է ունեցել, որով Դեմիրճյանին զանգելու հնարավորություն է ունեցել, սակայն երբեք առիթից չի օգտվել: Երբ Շիրազը մահացել է, Դեմիրճյանը Մոսկվայում բուժվելիս է եղել: Ոմանք չեն ցանկացել, որ բանաստեղծի վերջին հանգրվանը դառնա Կոմիտասի անվան պանթեոնը, առաջարկել են նրան հուղարկավորել Թոխմախի գերեզմանատանը: Երբ գյումրեցիներն իմացել են այդ մասին, 6 հարյուր հոգով ոտքով քայլել են Գյումրիից Երևան, պահանջել Շիրազի դին՝ Գյումրիում հողին հանձնելու համար: Կարեն Դեմիրճյանը, իմանալով այդ ամենը, բուժումը կիսատ է թողել, վերադարձել է Երևան և անձամբ է կազմակերպել ամեն բան: Շիրազը թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում»,-եզրափակում է Տաթև Գաբրիելյանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am