Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում 
վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում տուգանքը վճարելու դեպքում այն կնվազի 30 տոկոսով․ համակարգը կսկսի գործել ապրիլի 5-ից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«ՆԳ նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից՝

-Եթե պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտման գործով կայացվել է տուգանքի որոշում, ապա ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում ի սկզբանե նշանակված տուգանքը կնվազի 30 տոկոսով:

Վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված (բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի):

Օրինակ, եթե կայացվել է 5000 դրամ տուգանքի նշանակման մասին որոշում, կկիրառվի բոնուսային նվազեցում 30 տոկոսի չափով, եթե 15-օրյա ժամկետում վճարվի 3500 դրամ։

Կամ արձանագրված խախտման համար եթե կայացվել է 20 000 դրամ տուգանքի նշանակման մասին որոշում, ապա կկիրառվի բոնուսային նվազեցում 30 տոկոսի չափով, եթե 15-օրյա ժամկետում վճարվի 14000 դրամ։

15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում և պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված։

Վարչական տույժ նշանակելու մասին որոշման մեջ, որն ուղարկվելու է վարորդին, ներկայացված կլինի տուգանքի նվազեցման տոկոսայնությունը։

Համակարգը գործելու է ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների դեպքում։

Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am