Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի 3 բժշկի

Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 
բժշկական կենտրոնի 3 բժշկի

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին Վանաձորի 20-ամյա բնակչուհի Մ.Գ.-ի մահվան էական հանգամանքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

2022 թվականի օգոստոսի 25-ին «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ արձանագրվել է նույն օրն իրենց մոտ տեղափոխված հղի կնոջ մահը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում իրականացված առաջնային անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում նաև նշանակված հանձնաժողավային դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Վանաձորի՝ հղիություն ունեցող 20-ամյա կինը, վատ ինքնազգացողությամբ պայմանավորված, դիմել է «Վանաձորի բժշկական կենտրոն» և հետազոտվել: 

Իրականացված հետազոտության արդյունքում համապատասխան մասնագետի կողմից տրվել է «Աջակողմյան լյումբոիշալգիա» թերի կլինիկական ախտորոշումը և դրան համապատասխան նշանակված դեղորայքային բուժումով հղի կինն ուղարկվել է տուն:

Սակայն ժամեր անց վերջինս դարձյալ դիմել է նույն բժշկական կենտրոն և ստացիոնար բուժում ստանալու նպատակով ընդունվել մանկաբարձական բաժանմունք:

Դրանից հետո, տրված թերի կլինիկական ախտորոշմանը համապատասխան, շարունակվել է դեղորայքային բուժումը, սակայն հղիի վիճակը վատթարացել է։

Երկու համապատասխան մասնագետ բժիշկների կողմից իրականացվել է հիվանդի համատեղ զննում, որը սակայն, ինչպես քննությամբ է պարզվել, իրականացվել է ոչ պատշաճ. մասնավորապես՝ կրկին տրվել  է նույն թերի կլինիկական ախտորոշումը, չեն արձանագրվել հղիի թոքերի հետազոտություն իրականացված լինելու վերաբերյալ տվյալները, չի ախտորոշվել հիմնական ախտաբանությունը և չեն իրականացվել տվյալ ախտաբանությանը համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ:

Այնուհետև, հիվանդի վիճակի դինամիկայում վատացման պայմաններում նշանակվել է թերապևտի կոնսուլտացիա, որը ևս իրականացվել է ոչ պատշաճ, անգամ արձանագրելով «վեզիկուլյար շնչառություն»՝ չի ախտորոշվել հղիի մոտ նշված հիմնական ախտաբանությունը, չեն իրականացվել դրան համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ:

Ստացված փորձագիտական եզրակացության համաձայն՝ անհրաժեշտ կլինիկա-լաբորատոր և գործիքային հետազոտությունների պատշաճ իրականացումը հնարավորություն կտար կնոջ մոտ ժամանակին ախտորոշել առկա երկկողմանի թարախա-ֆիբրինային միաձուլվող ինտերստիցիալ թոքաբորբը և, ձեռնամուխ լինելով անհրաժեշտ ծավալներով համապատասխան բուժմիջոցառումների իրականացմանը, հնարավոր կլիներ փրկել հիվանդի կյանքը՝ հղիության պահպանումով, որոնց իրականացման համար բժշկական կենտրոնում օբյեկտիվ խոչընդոտող պատճառներ չեն եղել:

Նշված բացթողումների հետևանքով 2022թ․ օգոստոսի 25-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ուլտրաձայնային հետազոտման արդյունքում հղիի մոտ ախտորոշվել է պտղի ներարգանդային մահ։ Կինը նույն օրը ծայրահեղ ծանր՝ կոմատոզ վիճակում տեղափոխվել է «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ը։ Չնայած այստեղ ժամանակին և բավարար ծավալով իրականացված վերակենդանացման միջոցառումներին, 20-ամյա կնոջ կյանքը փրկել հնարավոր չի եղել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի բժշկական գործունեություն ծավալող երեք անձանց, մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար (որն անզգուշությամբ առաջացրել է Վանաձոր քաղաքի 20-ամյա բնակչուհու մահը), ներկայացվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am