Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը

ՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի 
հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի համոզմամբ՝ Եվրոպական Միության շուկային ինտեգրվելը չի հակադրվում  ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ-ում մարտի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսին Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ Հայաստանը մինչև 2013 թվականն ակտիվ ընթանում էր եվրաինտեգրման ուղով՝ պատրաստվելով ԵՄ-ի հետ ստորագրել Համապարփակ առևտրի համաձայնագիրը, իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումից հետո հայտարարվել էր և ԵԱՏՄ-ի, և արևմտյան, և երրորդ երկրների հետ համագործակցության մասին։

«Դրա համար մեկը մյուսին կարելի է չհակադրել։ Ամեն շուկա ունի իր պահանջարկը։ Ամեն շուկա ունի ապրանքների որակների ստանդարտները, որ իրեն պետք է, և կարելի է ասել` մեզ համար ոչ թե եվրոպական շուկաների դռները փակ են, այլ մենք՝ ինքներս,առաջին հերթին աշխատանք ունենք անելու, որպեսզի եվրոպական շուկային առաջարկելու բան ունենանք»,-ասաց Թունյանը։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հարցին, նա ընդգծեց, որ Հայաստանը ներկայում հանդիսանում է ԵԱՏՄ անդամ՝ շարունակելով կատարել իր պարտավորությունները, վճարել ընդհանուր մաքսատուրքերը, ընդունել տեխնիկական կանոնակարգեր, որոնք գործում են միությունում, իսկ զուգահեռաբար աշխատանք է տարվում ԵՄ ու այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել նախագահ Ֆոն դեր Լայեն-վարչապետ Փաշինյան-պետքարտուղար Բլինքեն համատեղ հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը: Գրիգորյանն ասել էր, որ միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը։

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, թե ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան, Ֆոն դեր Լայեն-Բլինքեն եռակողմ հանդիպումը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման, շեշտել է, որ Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am