ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն դիտել են «Լռակյաց հիվանդը» ներկայացումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
«Լռակյաց հիվանդը» յուրահատուկ տեղ է զբաղեցնում թատրոնի խաղացանկում: Ներկայացման ռեժիսոր Աննա Պողոսյանի բեմադրությունը ստեղծվել է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» բեսթսելլեր գրքի հիման վրա: Ներկայացման մեջ ներգրավված դերասանները Հայաստանի տարբեր թատրոններից են:
Ներկայացումից հետո նախարարը և նրա տեղակալը հանդիպել են թատերախմբի անդամների հետ, հետաքրքրվել թատրոնի գործունեությամբ, զրուցել առաջիկա անելիքների և ծրագրերի մասին:
«Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոնը հիմնադրվել է 2016 թվականին, հիմնադիրը Մխիթար Դանիելյանն է։ Առաջին ներկայացման փորձերն արվել են 2016 թվականից՝ բացօթյա տանիքում, իսկ 2017 թվականից աշխատանքներ են տարվել՝ բուն թատրոնը հիմնելու ուղղությամբ:
Խաղացանկի գլխավոր մաս են կազմում ամառային թատերաշրջանի բացօթյա ներկայացումները, իսկ փակ տանիքը հնարավորություն է տալիս ունենալ նաև ձմեռային թատերաշրջան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում