Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՔՊ խմբակցությունը վճռական է մասնակցելու Գյումրու կառավարմանը՝ թեկուզ ընդդիմադիր ավագանու կարգավիճակում․ Քնարիկ Հարությունյան

ՔՊ խմբակցությունը վճռական է մասնակցելու Գյումրու կառավարմանը՝ թեկուզ 
ընդդիմադիր ավագանու կարգավիճակում․ Քնարիկ Հարությունյան

ԳՅՈՒՄՐԻ, 17 ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած իշխող ուժի հետ տարաձայնություններին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կշարունակի Գյումրու ավագանու նիստերին մասնակցել՝ ի շահ գյումրեցու։ Այս մասին «Արմենպրես»-ի  հետ զրույցում նշեց Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար  Քնարիկ Հարությունյանը՝ ներկայացնելով այն խնդիրները, որոնք «ստիպել» էին քաղաքի ավագանու ՔՊ-ական անդամներին ավագանու վերջին նիստի կեսից հեռանալ դահլիճից։

Խոսքը վերաբերում էր Գյումրու պատմական միջուկում գտնվող՝ Ջիվանու փողոցի 66 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածը` 5 մեքենայի հաշվով, տարեկան 180 հազար դրամով, որպես ավտոկայանատեղի  «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամին տրամադրելու նախագծին: Ի դեպ, մինչև ավագանու քննարկումը, այս հարցին դրական եզրակացություն էր տվել ՀՀ ճանապարհային ոստիկանությունը։ Նախագիծը վրդովվեցրել էր «Քաղաքացիական պայմանագրի» ավագանիներին  այն պատճառով, որ  այս հասցեում ոչ միայն հիմնադրամն է, այլ նաև Բալասանյանների առանձնատունը: «Ստացվում է, որ հիմնադրամի անվամբ ավտոկայանատեղին անմիջականորեն ծառայելու է Բալասանյանների ընտանիքին։ Շարքային գյումրեցիները, Գյումրի այցելած զբոսաշրջիկները փաստացի կզրկվեն փողոցի այդ հատվածում անցուդարձ անելուց կամ մեքենա կայանելուց: Այն այլևս Բալասանյան ընտանիքի տիրապետման տակ է։ Սա անթույլատրելի է»,-նշում է Քնարիկ Հարությունյանը՝ այստեղ տեսնելով շահերի բախում:

Չնայած ՔՊ ավագանիների դեմ քվեարկությանը՝ 17 կողմ, 10 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով ավագանին որոշեց «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամին ճանապարհատվածը, որպես ավտոկայանատեղի, տարեկան 180 հազար դրամով հատկացնել։ Որոշումը ուժի մեջ է լինելու մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը։ 

«Մենք ամեն դեպքում փորձելու ենք հասնել այս որոշումը առոչինչ ճանաչելուն՝  շահերի բախման հիմքով. «Բալասանյան  դաշինք» խմբակցության անդամները չէին կարող քվեարկել «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից ներկայացված նախագծին։ Հավելյալ գրություն եմ ուղարկել նաև ՀՀ Ճանապարհային ոստիկանությանը՝ խնդիրը ևս մեկ անգամ ուսումնասիրելու ու դիտարկելու փողոցը որպես կայանատեղի ծառայեցնելու նպատակահարմարությունը»,-նշեց Քնարիկ Հարությունյանը՝ հավելելով, որ նաև կդիմեն կոռուպցիայի հանձնաժողով՝ շահերի բախման հիմքով քննություն սկսելու։ Այս հարցի նկատմամբ ՔՊ ներկայացուցիչը նշում է՝ հետևողական է լինելու ու շատ վճռական է տրամադրված։

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը նաև հավելեց, որ «Բալասանյան դաշինքի» հետ փոխկապակցված է թափառող շների ստերջացմամբ զբաղվող «Կումնի» ընկերությունը։ Ընկերության հիմնադիրն ու տնօրենը Հարություն Վիրաբյանն է։ Նրա ավագ որդին՝ Սեդրակ Վիրաբյանը, կապ ունի «Բալասանյան դաշինք» կուսակցության հետ։ Նա 2016-ին «Գյումրեցու ոգի» կուսակցության ընտրացուցակով մասնակցել է Գյումրիի ավագանու ընտրություններին, ընտրացուցակի 7-րդ համարն է եղել։ 2021-ին «Գյումրեցու ոգի» կուսակցությունը վերանվանվել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության:

«Ակնհայտ է, որ ընկերությունը ստեղծվել է մրցույթից առաջ  ու մրցույթը շահեց նվազագույն  այնպիսի արժեքով, որով, ըստ մասնագետների, հնարավոր չէ նորմալ ծառայություններ մատուցել»,-նկատեց ՔՊ խմբակցության  ղեկավարը:

2023թ. նոյեմբերին Գյումրու համայնքապետարանը թափառող շների ստերջացման ծառայության համար մրցույթ էր կազմակերպել,  որին հաղթող էր ճանաչվել ստերջացման համար ամենացածր գինն առաջարկած «Կումնի» ՍՊԸ-ն։ Գյումրու համայնքապետարանը ընկերության հետ 500 թափառող շան ստերջացման պայմանագիր էր կնքել՝ ընդհանուր 10,6 մլն դրամ արժեքով։ Երկու ամիս անց սոցիալական ցանցում կենդանասերները տեսանյութ հրապարակեցին այն մասին, որ  ընկերությունը կենդանիներին բռնում ու տանում են Ջաջուռ բնակավայր, որտեղ կենդանիներին պահում են դաժան պայմաններում։  Կենդանապաշտպանների՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք։

Ըստ Քնարիկ Հարությունյանի՝ չնայած այդ հանգամանքին,  նույն՝ «Կումնի» ՍՊԸ-ն մասնակցում և հաղթում է նաև Գյումրու քաղաքապետարանի հայտարարած ավտոբուսների մասերի ձեռքբերման մրցույթում։ Մասնավորապես՝ գեներատորի, լուսարձակի մատակարարման, ընդ որում՝ ընդամենը 10 դրամ պակաս է առաջարկել «Կումնին» և հաղթող ճանաչվել մրցութային հայտ ներկայացրած մյուս կազմակերպությունից։

Քնարիկ Հարությունյանը չի հերքում՝  «Քաղաքացիական պայմանագիր»-«Բալասանյան դաշինք» կոալիցիոն հուշագրի խզումից հետո  «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որպես արմատական ընդդիմություն, մենակ է մնացել։ «Ակնհայտ է, երբ այս երկու ուժերը գործընկերներ էին, «Հանրապետական» կուսակցությունը բոլոր նախագծերին դեմ էր քվեարկում, հիմա կողմ է քվեարկում Բալասանյան դաշինքի հետ բոլոր նախագծերին։ Նույն կերպ՝ նաև մեր մյուս ընդդիմադիր գործընկերները՝  «Ապրելու երկիրը»,  որոշ դեպքերում  նաև «Զարթոնքը» և անկախ ավագանու անդամ Վարդևան Հակոբյանը  խնդրահարույց նախագծերին կողմ են քվեարկում կամ ձեռնպահ»,-նշեց Քնարիկ Հարությունյանը՝ ավելացնելով. «Այն ընդդիմադիր գործունեությունը, որ մենք ենք ծավալում, ես չեմ տեսնում մեր մյուս ընդդիմադիր գործընկերների շրջանում։ Մենք արմատական ընդդիմություն ենք»:

Այդուհանդերձ, ՔՊ խմբակցությունը կշարունակի ավագանու նիստերին մասնակցել։ «Կան նախագծեր, որոնք մեր կողմից են ներկայացվում, կամ համայնքապետարանի և բխում են Գյումրու շահերից, ու բնականաբար, մենք պետք է ներկա  լինենք և մասնակցենք Գյումրու կառավարմանը  թեկուզ ընդդիմադիր ավագանու կարգավիճակում»,-ընդգծեց խմբակցության ղեկավարը: 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am