Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

SIPRI-ն հաղորդել է 2023 թվականին համաշխարհային ռազմական ծախսերի ռեկորդային՝ 6,8 %-ով աճի մասին

SIPRI-ն հաղորդել է 2023 թվականին համաշխարհային ռազմական ծախսերի 
ռեկորդային՝ 6,8 %-ով աճի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային ռազմական ծախսերը 2023 թվականին հասել են 2,443 տրիլիոն դոլարի, ինչը 6,8 %-ով ավելի է, քան 2022 թվականին: Դա եղել է  ամենամեծ աճը 2009 թվականից ի վեր․ առաջին տասնյակի մեջ մտնող երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը, մեծացրել են իրենց ռազմական ծախսերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) նոր զեկույցում:

«Համաշխարհային ռազմական ծախսերն ավելանում են պատերազմի, աճող լարվածության և անորոշության ֆոնին», - ընդգծում են զեկույցի հեղինակները:

Աճը շարունակվել է իններորդ տարին անընդմեջ և դիտվում է բոլոր տարածաշրջաններում։ Ռազմական ծախսերի ամենամեծ աճը գրանցվել է Եվրոպայում, Ասիայում և Օվկիանիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում:

Ամենամեծ ռազմական ծախսեր կատարած երկրների հնգյակում են եղել ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը և Սաուդյան Արաբիան:

Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Չինաստանը, որոնք զբաղեցնում են համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականները, 2023 թվականին ավելացրել են իրենց ռազմական ծախսերը, որոնք կազմել են համապատասխանաբար $916 մլրդ և $296 մլրդ։

2023 թվականին ՆԱՏՕ-ի 31 երկրների ընդհանուր ռազմական ծախսերը կազմել են 1,341 տրիլիոն դոլար, ինչը հավասար է համաշխարհային ընդհանուր ծավալի 55 %-ին։ Ռազմական նպատակների համար ԱՄՆ հատկացումներն ավելացել են 2,3 %-ով և հասել 916 մլրդ դոլարի կամ ՆԱՏՕ-ի ընդհանուր ծախսերի 68 %-ին։ 2023 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքի եվրոպական անդամների մեծամասնությունն ավելացրել է իր ռազմական բյուջեները, նրանց բաժինն ընդհանուր ծախսերում կազմել է 28 %, ինչն ամենաբարձր ցուցանիշն է վերջին տասնամյակում: Մնացած 4 %-ը բաժին է ընկնում Կանադային և Թուրքիային։

Ռազմական ծախսերի ծավալով երկրորդ տեղում է Չինաստանը, որը 2023 թվականին ծախսել է 296 միլիարդ դոլար, ինչը 6 %-ով ավելի է, քան 2022 թվականին։ Երկիրն արդեն 29-րդ տարին անընդմեջ ավելացնում էր իր ռազմական բյուջեն։ Այժմ այն ​​հավասար է Ասիայի և Օվկիանիայի ընդհանուր ռազմական ծախսերի կեսին: Այս ֆոնին Չինաստանին հարևան մի քանի երկրներ նույնպես ավելացրել են իրենց ռազմական բյուջեները։

Ռուսաստանի Դաշնության ռազմական ծախսերն աճել են 24 %-ով և, ըստ գնահատումների, 2023 թվականին կազմել են 109 մլրդ դոլար։ Անցյալ տարի ռազմական կարիքների համար հատկացումները կազմել են բոլոր բյուջետային ծախսերի 16 %-ը, իսկ ռազմական բեռը կազմել է ՀՆԱ-ի 5,9 %-ը, ինչը ռեկորդային ցուցանիշ է Խորհրդային Միության տրոհումից ի վեր։

Ուկրաինան զբաղեցրել է ութերորդ տեղն ամենամեծ ռազմական ծախսեր ունեցող երկրների շարքում ՝ ավելացնելով դրանք 51 %-ով՝ մինչև 64,8 միլիարդ դոլար։ Ռազմական բեռը հասել է ՀՆԱ-ի 37 %-ին, ինչը համապատասխանել է բոլոր պետական ծախսերի 58 %-ին:

Ուկրաինայի ծախսերը կազմել են Ռուսաստանի ռազմական ծախսերի 59 %-ը։ Սակայն, ըստ զեկույցի, տարվա ընթացքում Ուկրաինան ստացել է առնվազն 35 մլրդ դոլարի ռազմական օգնություն, որից 25,4 մլրդ դոլարը բաժին է ընկել ԱՄՆ-ին։ Այս ծավալը հաշվի առնելով՝ Ուկրաինայի ընդհանուր ռազմական ծախսերը կազմել են Ռուսաստանի ծախսերի 91 %-ը։

Անցյալ տարի Հնդկաստանն զբաղեցրել է չորրորդ տեղն ամենամեծ ռազմական բյուջե ունեցող երկրների շարքում. ռազմական նպատակներով այն ծախսել է 83,6 միլիարդ դոլար, ինչը 4,2 %-ով ավելի է, քան 2022 թվականին։

Ճապոնիայի ծախսերը 2023 թվականին կազմել են 50,2 միլիարդ դոլար՝ 11 %-ով ավելի նախորդ տարվա համեմատ:

Մերձավոր Արևելքում ռազմական ծախսերի աճը գնահատվում է 9 %: 2023 թվականին դրանց ընդհանուր ծավալը կազմել է 200 միլիարդ դոլար, ինչը տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշն է վերջին տասնամյակի ընթացքում։ Ռազմական բյուջեի չափով առաջին տեղը պատկանում է Սաուդյան Արաբիային։ Երկրորդ հորիզոնականն Իսրայելինն է, որն իր ծախսերը ավելացրել է 24 %-ով՝ դրանք հասցնելով 27,5 միլիարդ դոլարի:

Մերձավոր Արևելքում ռազմական ծախսերի ծավալով Իրանը զբաղեցրել է չորրորդ տեղը։ Անցյալ տարի երկրի ռազմական բյուջեն կազմել է 10,3 մլրդ դոլար։

Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներում ռազմական ծախսերը 2023 թվականին 2014 թվականի համեմատ աճել են 54 %-ով։ Կազմակերպված հանցավորության աճը տարածաշրջանի մի քանի երկրների ստիպել է ամրապնդել իրենց զինված ուժերը հանցավոր խմբավորումների դեմ պայքարելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am