Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել

Մարտունի համայնքում  հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ 
նոր մասնագիտություն են ձեռք բերել

ԳԱՎԱՌ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի տարբեր բնակավայրերում հաստատված 40 կանայք «Մարտունու կանանց  համայնքային խորհուրդ» ՀԿ կողմից իրականացված ծրագրի շրջանակներում վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Մարտունու կանանց  համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանից,  ծրագիրն  ուղղված է կանանց տնտեսական անկախությանն ու հզորացմանը:

«Մենք երկու ծրագրով ենք աշխատում: Մի ծրագիրը Յունիսեֆ-ն է ֆինանսավորում՝ Գյումրու երիտասարդական ակումբների հետ, և մյուս ծրագիրը Կանանց ռեսուրսների կենտրոնը՝ շվեդական կազմակերպության հետ: Յուրաքանչյուր ծրագրով 20 կին է վերապատրաստվել: Այսօր 31-ն արդեն ստացան իրենց նվերները, որոնք համապատասխանում են  յուրաքանչյուր մասնագիտությանը: Դրանք ջեռոցներ են, հարիչներ, կարի մեքենաներ և կարի պարագաներ, գեղեցկության տարբեր ծառայությունների համար անհրաժեշտ սարքավորումներ և նյութեր: Սրանք բավարար են, որ կանայք, թեկուզ տանը, կարողանան մատուցել բարձրորակ ծառայություններ»:

Իրենց տպավորություններով կիսվել են նաև ծրագրի շահառուները։

«Մասնակցել եմ վարսահարդարման դասընթացների: Շատ մեծ նշանակություն ունի, որ կինը ինքնուրույն իր գումարը կվաստակի, կաշխատի, որպեսզի հզորացնի ինքն իր ընտանիքը»,-նշել է ծրագրի շահառու Գոհար Գևորգյանը:

«Ես Տարրական մանկավարժության ֆակուլտետի ուսանողուհի եմ: Սովորում եմ առաջին կուրսում: Մասնակցել եմ կարուձևի դասընթացին: Ստացա նոր գիտելիքներ: Արդեն ինքս ինձ համարում եմ կայացած մասնագետ այդ  ոլորտում: Կարևոր է՝ ունենալ և՛ արհեստ, և՛ մասնագիտություն՝  ֆինանսապես կայուն կյանք ապահովելու համար»,-նշել է ծրագրի շահառու Էլինա Ստեփանյանը:

Կանանց տնտեսական հզորացման ծրագիրը կշարունակվի մինչև մայիսի վերջ:  Դասընթացների ավարտին մասնակից մյուս ինը կանայք ևս կստանան առաջնային անհրաժեշտության նյութեր և սարքավորումներ:

Խոսրով Խլղաթյան

  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am