Խոսրով Հարությունյանն անիմաստ է համարում բացարձակ համամասնական համակարգին անցնելու մասին պնդումները
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրություններին մնացել են հաշված ամիսներ, ուստի անիմաստ է համառորեն պնդել համամասնական ընտրակարգին անցնելու հանգամանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
«Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները երբեմն ավելի կարևոր դեր են ունենում հանրության խնդիրները բարձրացնելու առումով: 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգն ընդգծում է կուսակցությունների պատասխանատու դերը հանրության կյանքում, սակայն շատ կարևոր է կուսակցությունների որակական դերակատարությունը, որը համամասնական ընտրակարգն ապահովել չի կարող»,- նշեց Հարությունյանը:
ՔԴԿ նախագահի կարծիքով՝ առաջիկա ընտրություններն ունեն աշխարհաքաղաքական նշանակություն: «Կհաջողվի՞ մեզ անցկացնել այնպիսի ընտրություններ, որ արդյունքները ճանաչելի լինեն կամ վիճելի չլինեն հասարակության և հիմնական խաղացողների համար: Եթե այդպես չլինի, ապա մենք կկանգնենք փակուղու առջև: Կարևոր է, թե ովքեր կընտրվեն և ինչպես կընտրվեն»,- ընդգծեց Հարությունյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում