Լեյլա եւ Արիֆ Յունուսները քաղաքական ապաստան են խնդրել Հոլանդիայից
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը` Արիֆ Յունուսը քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմել են Հոլանդիայի ԱԳՆ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Յունուս ամուսինները 2015 թվականի դեկտեմբերին ադրբեջանական բանտից պայմանականորեն ազատ արձակվելուց հետո անցյալ ամիս բուժման համար ժամանել էին Հոլանդիա: Նրանք արդեն ներկայացրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը քաղաքական ապաստան ստանալու համար եւ Հոլանդիայի ԱԳՆ-ից պետք է պատասխանը ստանան մեկ շաբաթվա ընթացքում:
Յունուսների դուստրը` Դինարան Հոլանդիայից ապաստան էր ստացել 2009 թվականին: Յունուսների ընտանիքը ներկայում բնակվում է Ամստերդամում:
Լեյլա եւ Արիֆ Յունուսներին 2015 թվականի օգոստոսի 13-ին ծանր հանցագործությունների դատարանը դատապարտել է համապատասխանաբար 8,5 եւ 7 տարի ժամկետով ազատազրկման` կոպտորեն խախտելով միջազգային չափանիշները եւ պատշաճ դատական գործընթացը: 2015 թվականի դեկտեմբերի 9-ին նրանց պայմանական ազատ են արձակել 5 տարի փորձնական ժամկետով:
Երկու իրավապաշտպաններն էլ ձերբակալվել էին իշխանություններին քննադատելու եւ հասարակական գործունեության համար:
Ադրբեջանում Լեյլա Յունուսը եւ նրա ամուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են նաեւ, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, սակայն, նրանց հետապնդելու իրական պատճառը Ադրբեջանում առկա 100-ից ավելի քաղաքական բանտարկյալների խնդրի ակտուալացումն ու միջազգային կազմակերպություններին արված` Բաքվում 2015 թվականի մայիսին անցկացված Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերն էին: Amnesty International կազմակերպությունը Լեյլա եւ Արիֆ Յունուսներին «խղճի բանտարկյալներ» է ճանաչել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում